Երկար տարիներ է, ինչ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբերի նախաձեռնութեամբ, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքում, բողոքի համահաւաքին զուգահեռ, Ցեղասպանութեան սուրբ նահատակների թանկագին յիշատակին կազմակերպւում է արեան տւչութեան աշխատանքը, ուր պահանջատէր հայորդիներն իրենց արեան նւիրաբերումով մասնակից են լինում բարեսիրական այս ակտին: Ամենամեայ այս ծրագիրը տեղի է ունենում Սպահան քաղաքի Արեան փոխներարկման կազմակերպութեան հետ համադրաբար:
Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի գեղեցիկ մտայղացմամբ այս տարի առաջին անգամը լինելով, արեան տւչութեան ծրագիրն իրականացւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում, հինգշաբթի՝ ապրիլի 19-ի առաւօտեան: Նորջուղայեցիներից կազմւած 35 հոգանոց այս պատւիրակութեանը գլխաւորում էին արժ. հոգեւոր հայրեր՝ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները:
Քանի որ բարեսիրական բնոյթից բացի՝ կարեւորւում էր յատկապէս աշխատանքի քարոզչական նշանակութիւնը, յանձնախումբը Ցեղասպանութեան իրողութիւնը պարսիկ հայրենակիցներին առաւել չափով ծանօթացնելու համար՝ պատրաստել էր բացատրական պաստառ, որը ցուցադրւեց նշւած կենտրոնում:
Ընթացքում ոգեկոչման յանձնախմբի նախագահ Գեղարդ Մանսուրեանը արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ընկերակցութեամբ հանդիպում ունեցաւ կենտրոնի տնօրինութեան հետ, ուր բացատրելով Հայոց Ցեղասպանութեան եւ աշխատանքի նպատակների մասին, շնորհակալութիւն յայտնեց պատւիրակութեանը ջերմ ընդունելու համար: Հիւրընկալը եւս իր հերթին գնահատանքի խօսք ուղղեց քաղաքի հայ համայնքին՝ նման մարդասիրական գործ իրականացնելու առթիւ: