Հինգշաբթի՝ փետրւարի 20-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Արմէն Ամիրխանեանի գեղարւեստական ղեկավարութեամբ տեղի ունեցաւ Ս.Ա. վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի բարեգործական համերգը, որի հասոյթն ամբողջովին տրամադրւելու է Բերիոյ հայոց թեմի (Սիրիա) «Դպրոց» հիմնադրամին: Ձեռնարկին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ դատի յանձնախմբի, հայոց դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներն ու համայնքի անդամները:
Երաժշտական երեկոն մեկնարկեց երգչախմբի միջոցով Կոմիտասի «Ապարանը քարոտ ա» եւ «Անձրեւն եկաւ» երգերի կատարմամբ, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ օրւայ հանդիսավար Կարին Տէր Մարտիրոսեանը, ով կարեւորութեամբ ընդգծեց սոյն համերգի իրականացման բարեգործական նպատակը:
Ծրագրի շարունակութեան մէջ խումբը կատարեց Կոմիտասի «Անձինք նւիրեալք» եւ Շոբերտի «Ave Maria» երգերը, իսկ Լալագէ Իսաղուլեանն ասմունքեց Շոպենի (խօսք` Վահան Տէրեան) «Աշնան Մեղեդի»-ն:
Երգչախմբի անդամուհիների անզուգական ելոյթներից յետոյ, նրանց միացան խմբի արական սեռի ներկայացուցիչները: Համերգի ընթացքում մենակատարումներով հանդէս եկան Մելանիա Դաւթեանը, կատարելով Կաչինի «Ave Maria», Վանայ Շիրւանեանը՝ Գիսանէ Պալեանի «Յուսոյ աղօթք» երգերը, իսկ Թանիա Մինասեանը՝ Մարինէ Ալեսի «Պատրանքի թեւով» դրախտային երգը՝ այն նւիրելով բոլոր մայրերին, որից յետոյ երգչախումբն իր խմբական կատարումները շարունակեց Բիթելզի «yesterday», Ժոզեֆ Կոսմաի (Խօսք՝ Ջան Մերկեր) «Autumn leaves», Ֆելիքս Մենդելսոնի (Խօսք՝ Charles Wesley) «Hark! The Herald angels sing» եւ Քենի Րոջերզի «When the saints go marching in» երգերով:
Նախքան վերջին կատարումը, հանդիսավարի միջոցով երեկոյի կազմակերպման ուղղութեամբ ցուցաբերած օժանդակութիւնների եւ համագործակցութիւնների համար հնչեցին շնորահակալական խօսքեր՝ ուղղւած թեմակալ առաջնորդին, Թեմական խորհրդին, «Արարատ» միութեան կենտրոնական վարչութեանը, երգչախմբի անդամների ծնողներին եւ մի շարք անհատների, որից յետոյ խումբը գեղեցիկ ծաղկեփունջով իր երախտագիտութիւնը յայտնեց խմբավար Արմէն Ամիրխանեանին:
Այնուհետեւ ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը բարձր գնահատելով սոյն բարեգործական ձեռնարկի կազմակերպումը՝ անդրադարձաւ սիրիահայութեան ներկայ իրավիճակին եւ ասաց. «Զզօրակցելու գործում մեր դրած իւրաքանչիւր կաթիլն իմաստաւորւելու եւ արժեւորւելու է: Հետեւաբար քանակը կարեւոր չէ, կարեւորը մասնակցութիւնն է մեծ բարեգործական ծրագրին: Տա՜յ Աստւած, որ սեւ մութ ամպերը հեռանան Սիրիայի երկնքից, պայծառ արեւն իջնի մեր ժողովրդի վրայ եւ նրանք վերստին գտնեն իրենց բնականոն կեանքը ու դէպի առաջ նայեն»:
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին անդրադառնալով երգչախմբի հիմնադրման առաջին օրերին եւ խմբի արհեստավարժ ելոյթներին՝ երախտիքի խօսք ուղղեց խմբավար Արմէն Ամիրխանեանին՝ նման մասնագէտ երիտասարդներ դաստիարակելու համար:
Համերգը եզրափակւեց Արթուր Գրիգորեանի «Տաս միլիոն հայ» երգի կատարմամբ, որն ինչպէս նախորդ կատարումները հնչեց անթերի եւ արհեստավարժ մակարդակի վրայ: