2018 թւականի մարտի 29-ի առաւօտեան, Աւագ հինգշաբթի՝ Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Պատարագը մատուցւեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի երգեցողութեամբ: Մասնակցում էին նաեւ եկեղեցական դասը:
Օրւայ խորհրդին հաղորդ դառնալու համար՝ ժողովրդից բացի՝ ներկայ էին հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 5-րդ եւ 6-րդ դասարանների սաներն ու «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները՝ տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի ուղեկցութեամբ:
Թեմակալ առաջնորդն իր քարոզում նշելով, որ Աւագ հինգշաբթի առաւօտեան մատուցւող պատարագի ընթացքում ընդունւած է որպէս քարոզ ընթերցել Ս. Բարսեղ Հայրապետի յատուկ ճառը, որն սկսւում է «Լսէ՛ք ինձ, իմ սիրելի որդիներ» նախադասութեամբ, կատարեալ ունկնդրութեան համար նախապայման համարեց հաւատի, սիրոյ, յարգանքի, մտերմութեան եւ կապւածութեան առկայութիւնը: Նա կոչ արեց Բարսեղ Հայրապետի ճառի առաջին տողերն օրինակ դարձնելով՝ հաւատն ամրացնել եւ բարի կեանք վարել՝ Աստծոյ ողորմութեանն ու գթութեանն արժանանալու համար:
Աւագ հինգշաբթի՝ երեկոյեան ժամը 5:00-ին, «Ս. Ներսէս», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում տեղի ունեցաւ Ոտնլւայի կարգը: «Ս. Ներսէս» եկեղեցու արարողութիւնը մատուցւեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ կատարողութեամբ. մասնակցում էին նաեւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու սարկաւագաց դասը:
Կրօնական խորհրդի մտայղացմամբ եւ յատուկ դասաւորութեամբ, ՀՀ 100-ամեակի առիթով «Ս. Ներսէս» եկեղեցում առաջնորդ Հայր Սուրբը լւաց ազգային մարմինների ներկայացուցիչների ոտքերը, իսկ միւս եկեղեցիներում քահանայ հայրերը՝ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի սաներինը. աշակերտների մասնակցութիւնն ապահովելու համար խորհրդի հետ սերտ համագործակցութիւն էր ցուցաբերել դպրոցի տնօրինութիւնը:
Կարգի աւարտին թեմակալ առաջնորդն իր պատգամում նշեց, որ ազգային մարմինների ոտքերի լւացումը կատարւել է հետեւեալ նպատակներով.
Աստւած նրանց հեռու տանի չարից ու վտանգից եւ անսասան պահի նրանց միտքն ու հոգին՝ արդարութեան եւ ծառայութեան ճանապարհին, առաւել հաստատ քայլեր վերցնեն ազգային ծառայութեան ուղղութեամբ, հեռու մնան փորձութիւններից, իրենց ծառայութիւնը շարունակեն ոչ միայն թեմի ժողովրդի, այլեւ համայն հայութեան ու հայրենիքի ճանապարհին եւ չյուսահատւել նոր դժւարութիւններից:
Նոյն երեկոյ, աւելի ուշ՝ ժամը 7:30-ին, Ս. Ստեփանոս եկեղեցում, թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Խաւարման հսկումի կարգը:
Պատկան քարոզը տրւեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, ուր նշելով Աւետարանում յիշատակւած վերջին ընթրիքի եւ Գեթսեմանի պարտէզի դէպքերը, շեշտեց, որ խաւարման կարգի պատգամը տրւում է մթութեան մէջ, քանզի Քրիստոսի ձերբակալութեամբ եւ մահւան դատապարտմամբ, կորցրել ենք լոյսը: Քարոզիչն իր պատգամի շարունակութեան մէջ ընդգծեց, որ կարող ենք վերատիրանալ լոյսին, եթէ լինենք Աստծոյ սիրեցեալ զաւակները եւ Փրկչի հաւատարիմ աշակերտները:
Խաւարման արարողութիւնն իրականացւեց նաեւ «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ «Ս. Աստւածածին» եկեղեցիներում:
Աւագ ուրբաթ՝ մարտի 30-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Ս. Ստեփանոս եկեղեցում, գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ու կատարողութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող ծաղիկներով զարդարւած սեղանի առջեւ կատարւեց երեկոյեան արարողութիւն՝ Յիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան յիշատակի օրը նշելու համար:
Օրւայ պատգամում առաջնորդ Հայր Սուրբն ընդգծեց, որ թաղման կարգը յիշեցնում է Փրկչի կատարած զոհագործութիւնները եւ զգաստացնում է բոլորին՝ զգուշացնելով մահւամբ վրայ հասնող երկրային կեանքի աւարտի մասին: Քարոզիչը կոչ արեց՝ աշխարհում հարստութիւն դիզելու փոխարէն, գանձեր կուտակել երկնքում եւ կեանքն ապրել Աստծոյ գթութեանն ու ողորմութեանն արժանանալու համար:
Վերջում հաւատացեալները մօտենալով խորհրդանշական գերեզմանին՝ վերցրին այնտեղի ծաղիկներից, որպէսզի դրանց միջոցով իրենց բնակարանները ողողեն Քրիստոսի կողմից շնորհւած նոր կեանքի բոյրով:
Թաղման կարգի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ:
Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)