Հինգշաբթի՝ փետրւարի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, Վարդանանց տօնի առթիւ, ձեռամբ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի մատուցւեց ս. Պատարագ: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:
Արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, «Արմէն» տարրական կրթահամալիրի 5-րդ ու 6-րդ դասարանների եւ «Քանանեան» աղջ. ու «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու հաւատացեալ ժողովուրդ:
Յընթացս արարողութեան պատարագիչ Քահանայ Հայրը հանդէս եկաւ օրւան պատշաճ քարոզով: Նա իր խօսքն սկսեց պատմաբան Եղիշէից Վարդանանց պատերազմի մասին վկայութիւնների մէջբերմամբ, այնուհետեւ անդրադառնալով Վարդան Մամիկոնեանի եւ նրա զինակիցների ամուր հաւատքին, հայ ազգի եւ Հայաստանեաց առաքելական սուրբ եկեղեցու դարեր շարունակ գոյատեւման կարեւոր գրաւականը համարեց Վարդանանցի սխրագործութիւնը եւ շարունակեց. «Եթէ չլինէր Վարդանանց պատերազմը մեր ժողովրդի մէջ չէր ստեղծւի միասնութեան ոգին: Նրանք միասնական ոգով եկան, պայքարեցին եւ յաղթեցին: Այսօր մեզանից իւրաքանչիւրն անկախ իր տարիքից պարտականութիւն ունի ապրի հայեցիօրէն եւ հաւատարիմ մնալ իր հաւատքին, ազգին, եկեղեցուն ու լեզւին»:
Այնուհետեւ Քահանայ Հայրը յիշելով հայ ազգի պատմութեան տարբեր հանգրւաններում հայրենասիրութեան ճանապարհին նահատակւած քաջարի հերոսներին՝ ներկայ աշակերտներին յորդորեց Վարդանի հոգով ապրել եւ իսկական ժառանգորդները լինել հայ նահատակների: