Չորեքշաբթի՝ 2014 թւականի փետրւարի 26-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանաց» դպրոցի շրջափակում տեղի ունեցաւ Աղօրհնէք եւ ոչխարների զենում՝ նւիրւած Սրբոց Վարդանանց տօնին: Սոյն ծրագիրը գլխաւորութեամբ Շահինշահրի հոգեւր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ հովանաւորութեամբ Հայ համայնքի վարչութեան, արդէն երկրորդ տարին լինելով իրագործւում է յաջողութեամբ: Հոգշ. Հայր Սուրբն Աղօրհնէքի արարողութիւնից յետոյ, նախքան ոչխարների զենումը, իր շնորհակալական խօսքն ուղղեց նախ Հայ համայնքի վարչութեանը՝ ծրագրին ընթացք տալու համար, բարերարներին՝ ովքեր իրենց նիւթական եւ բարոյական օժանդակութիւններով մասնակից եղան Վարդանանց տօնի առիթով կազմակերպւած Մատաղօրհնէքին եւ բոլորի խորհուրդների համար իրագործում ցանկացաւ: Հոգշ. Հայր Սուրբի խօսքերի աւարտին, բոլոր ներկաները միասնաբար աղօթեցին «Հայր մեր»-ը, ապա տեղի ունեցաւ ոչխարների զենում: 

***

Յաջորդ օրը՝ հինգշաբթի՝ 2014 թւականի փետրւարի 27-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ Պատարագ նւիրւած Սրբոց Վարդանանց տօնին, որի պատարագիչն էր Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որին սպասարկում էին արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Սուրբ խորանից երգեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը: Սուրբ Պատարագին ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական, Կրթական խորհրդների եւ Ն.Ջ. Հայոց եկեղեցեաց վարչութեան ներկայացուցիչները, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամները, Նոր Ջուղայից ժամանած եւ Շահինշահրի հայ հաւատացեալները, Շահինշահրի հայոց դպրոցների աշակերտները եւ նրանց ուսուցիչները: Պատարագին յաւուր պատշաճի քարոզեց գերշ. Սրբազան Հայրը՝ անդրադարձ ունենալով Վարդանանց ճակատամարտին, երբ ամբողջ հայոց աշխարհը միակամ եւ միասնական կեցւածքով քաջութեամբ ոչ ասաց պարսից բռնակալի ցանկութեանը եւ կեանքի գնով պաշտպանեց ու պահպանեց քրիստոնէական անարատ հաւատը: Գերշ. Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին եւ յատկապէս աշակերտներին սերտել եւ կեանքի դասեր առնել Վարդանանց եւ Ղեւոնդեանց մարտիրոսների եւ հերոսների սխրագործութեան պատմութիւնից, կառչած մնալ քրիստոնէական ճշմարիտ հաւատին եւ հայոց սրբացեալ արժէքներին:

Սուրբ Պատարագի աւարտին պատարագիչ Սրբազան Հայրը հոգեւոր հայրերի եւ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի ուղեկցութեամբ՝ թափոր կազմեցին դէպի «Սրբոց Վարդանանց» դպրոցի բակ, որտեղ տեղի ունեցաւ  Մատաղօրհնէք:

Նախքան հարիսաների բաժանումը, գերշ. Սրբազան Հայրն իր շնորհակալական խօսքն ուղղեց բարերարներին, ապա գնահատեց մատաղի պատրաստման յանձնախմբի անդամներին՝ ովքեր ամբողջ երկու օր զբաղւել էին այս աշխատանքով:

Մատաղօրհնէքից յետոյ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան յատուկ դասաւորումով տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ գերշ. Սրբազան Հօր, հոգշ. Հայր Սուրբի, արժն. քահանայ հայրերի, դպրաց դասի, ազգային մարմինների, Կանանց միութեան, ուսուցչական կազմերի անդամների ներկայութեամբ, որտեղ սրտի խօսքեր արտայայտեցին հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ պրն. Մելքոն Շիրւանեանը: Սեղանավարութեամբ պրն. Ռազմիկ Մարկոսեանի գեղեցիկ երգեր հնչեցին ներկաների միջոցով:

Վերջաւորութեանը իր հայրական օրհնանքով ճաշկերոյթը եզրափակեց առաջնորդ Սրբազան Հայրը՝ յոյս յայտնելով որ նմանատիպ արարողութիւններ եւ ծրագրեր մօտ ապագայում տեղի են ունենալու Շահինշահրի համար նախատեսւած մնայուն եկեղեցու շրջափակում: Նա առանձնաբար շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն անձանց, ովքեր որեւէ կերպով օժանդակել էին օրւայ աշխատանքի իրականացմանը: