Երեքշաբթի՝  2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ- նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական Հրավառութեանը եւ Տեառնընդառաջին: Օրւայ խորհրդին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, համայնքային Վարչութեան ներկայացուցիչներն եւ ուսուցչական կազմը:

Ամենասկզբում գերպ. Հայր Սուրբը հանգամանօրէն, եւ աշակերտներին  մատչելի լեզւով բացատրեց Տեառնընդառաջի խորհուրդը, որից յետոյ աշակերտները հաւաքւեցին նախապէս պատրաստւած թուփի շուրջ, որը բոցավառւեց պատասխանատուների ձեռամբ:

Աշակերտները դպրոցական անձնակազմի հետ միասին շրջան կազմելով խարոյկի շուրջ՝ երգեցին եւ զւարճալի պահեր վայելեցին:

Այնուհետեւ բոլոր ներկաները հիւրասիրւեցին զոյգ դպրոցների ծնողական խորհուրդների ձեռամբ պատրաստւած հրուշակեղէնով, քաղցրաւենիքով եւ աղանձով:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝  Վ. Յարութիւնեան