Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, չորեքշաբթի՝ 3 յունւար 2018 թւականին, Ս. Ա. Վանք այցելեցին Սպահանի նահանգապետ՝ Մոհսէն Մեհր Ալիզադէն եւ նրան ընկերակցող բազմանդամ պատւիրակութիւնը՝ նահանգապետի օգնականներ եւ խորհրդականները:
Հիւրերին դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Գեղարդ Մանսուրեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանը եւ Վարուժ Մովսիսեանը, երկու խորհուրդների անդամները եւ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը:
Պրն. Մեհր Ալիզադէն շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդը նշեց. «Աշխարհում շատերը փորձում են կրօնների միջեւ տարաձայնութիւն եւ հակադրութիւն առաջացնել՝ իրենց յետին նպատակներն իրագործելու համար, սակայն ժողովրդին նման իրավիճակներից ապահով պահելու միակ ձեւը, դա հաւատքն է Աստծուն եւ կրօնին»:
Ողջունելով պատւիրակութեան անդամներին, թեմակալ առաջնորդն իր ուրախութիւնը յայտնեց նահանգապետի՝ Ս. Ա. Վանք կատարած առաջին պաշտօնական այցի կապակցութեամբ, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի տօների կազմակերպման առթիւ նահանգապետարանի կողմից տրւած արտօնութիւնների համար: Հայր Սուրբն անդրադառնալով երկրում ծաւալւող վերջին իրադարձութիւններին, դա համարեց արտաքին թշնամի ուժերի հրահրումների արդիւնք եւ առ Բարձրեալն Աստծուն խնդրեց Իրանի Իսլամական Հանրապետութեանը խաղաղութիւն եւ անդորրութիւն:
Հանդիպման աւարտին հիւրերին յանձնւեցին նւէրներ եւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:
Հարկ է նշել, որ Նահանգապետի այցելութեան լուրը թողարկելու համար, ներկայ էին Սպահանի տարբեր լրատւական կառոյցների մեծ թւով լրագրողներ: