Շաբաթ՝ 2017 թ. դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 11:30-ը, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ տօնական էր: Առիթը բոլորի կողմից միշտ սիրւած մօտալուտ Ամանորն էր՝ իր նոր յոյզերով ու յոյսերով: Դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած այս գեղեցիկ նախատօնակին՝ սաները սրտի թրթիռով սպասում էին սիրելի ձմեռ պապի եւ ձիւնանուշիկի գալստեան, երբ յայտնւեց ձիւնանուշն մանուկների ուրախ բացականչութիւնների ներքոյ եւ ի պատասխան փոքրիկ հիւրընկալներին ձմեռ պապի բացակայութեան մասին՝ յայտնեց, որ ձմեռ պապի սայլակը մնալով ձիւների մէջ, չի ստացւել նրա ժամանակին տեղ հասնելն ու երբ ձիւները մի քիչ հալւեն՝ նա կը շտապի փոքրիկների մօտ՝ իր հետ բերելով համեղ մրգեր ու գեղեցիկ նւէրներ:
Խրախճանքի ընթացքում, սաները կատարեցին Ամանորեայ ասմունքներ, երգեր ու պարեր եւ բոլորը միասին վայելեցին նախապատրաստւած հիւրասիրութիւնը:
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան