Փերիոյ կրթ. միութեան Կենտր. վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ՝ նոյն միութեան հիմնադրման 90-ամեակի շեմին, ծրագրւել են մի շարք ուխտագնացութիւններ դէպի Փերիոյ գաւառի նախկին եւ ներկայ հայաբնակ գիւղեր ու գիւղական համայնքներ՝ հայկական գերեզմանոցներում հանգիստ առած իրենց նախնիների շիրիմներին հոգեհանգստեան կարգ կատարելու եւ գիւղերին ու պատկան աւանդոյթներին առաւել ծանօթանալու նպատակով:
Այս ծիրում առաջին շրջագայութիւնը տեղի ունեցաւ 2017 թւականի նոյեմբերի 2-ին եւ 3-ին, մասնակցութեամբ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից ուխտաւորների: Սոյն միջոցառումը նւիրւած էր Հայ մշակոյթի տօնին:
Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան ներկայացուցիչներիուղեկցութեամբ, ուխտաւորները հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ի առաւօտեան ժամը 6-ին, ճանապարհւեցին դէպի Փերիոյ գաւառ, ուր հանգրւանեցին Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցու շրջափակի կացարաններում: Նրանք առաջին օրւայ ընթացքում այցելեցին Մեւրստան, Աղագոլ, Խոջիղալա, Հազարջրիբ եւ Փունստան գիւղեր, իսկ յաջորդ օրը՝ Ազնաւուլ, Հադան եւ Բոլորան: Ծրագրի համաձայն իւրաքանչիւր գիւղի հայկական գերեզմանատանը կատարւեց հոգեհանգստեան պաշտօն՝ ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, ներկաները խունկ ծխեցին իրենց նախնիների յիշատակին եւ հաւաքական աղօթք բարձրացրին առ Աստւած, իսկ գիւղի մասին հնչեցին բացատրութիւններ: Առաջին օրւայ այցելութիւնների աւարտին կեցութեան վայրում կազմակերպիչների կողմից ծրագրւել էր խրախճանք, ուր բոլորը հիւրասիրւեցին եւ խանդավառ ու մտերմիկ մթնոլորտի ներքոյ՝ երեկոն անցկացրին հայկական երգերով ու պարերով:
Ուխտագնացութիւնն իր աւարտին հասաւ ուրբաթ՝ նոյեմբերի 3-ի կէսօրից յետոյ եւ մասնակիցները վերադարձան՝ իրենց յուշերում յաւերժացնելով արարողութիւնների խորհրդաւոր պահերը, լաւ ուղեկիցների հետ անցկացրած օրերի բերկրանքը եւ ի մասնաւորի հիասքանչ բնութեան գրկում վայելած ժամանակը:
Յատկանշական է, որ այս ծիրում երկրորդ ուխտագնացութիւնը տեղի կունենայ յառաջիկայ օրերին՝ ծրագրում ունենալով դէպի Վերին Խոյգան եւ շրջակայ գիւղեր այցելութիւնները: