Հայ ուսուցչին գնահատելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 31-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ մեծարման երեկոյ: Ծրագրին ներկայ էին՝ թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ դպրոցների Ծնողական խորհուրդների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների հանգստի կոչւած ու աշխատող հայ տնօրէնները, ուսուցիչները եւ գրասենեակների պատասխանատուները՝ իրենց պարագաներով:
Միջոցառման հանդիսավարն էր երեկոյի կազմակերպիչ յանձնախմբի անդամ Սոնիա Դիլանչեանը, ով բացման խօսքում հանդէս եկաւ օրւայ առթիւ շնորհաւորանքի եւ ուսուցչի մեծ վաստակի առջեւ երախտիքի խօսքերով: Հանդիսավարը յատուկ շնորհաւորանքի խօսք ուղղեց յատկապէս հայոց ազգ. դպրոցների նորանշանակ տնօրէններին՝ իրենց նոր պարտականութեան ստանձնման առթիւ. նորանշանակ տնօրէններն են՝ «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիր՝ Արսինէ Դաւթեան, «Քանանեան» միջնակարգ դպրոցի աղջկանց բաժին՝ Կարինէ Մինասեան, իսկ նոյն օղակի «Կատարինեան» տղայոց բաժին՝ դոկտ. Վաչիկ Հայրապետեան:
Այնուհետեւ հիւրընկալ Կրթական խորհրդի անունից շնորհաւորանքի խօսքով եւ բարի մաղթանքներով հանդէս եկաւ նոյն խորհրդի ատենապետ Մարգարիտ Դաւթեանը: Նա ընդգծեց, որ հայ ուսուցչի դերակատարութիւնը ազգապահպանման գործում առանցքային է ու անփոխարինելի եւ անշուշտ դա է այն առանձնայատկութիւնը, որով փայլում է հայ ուսուցիչը եւ արժանի է մշտական գովասանքի:
Տկն. Դաւթեանն իր խօսքի մի այլ բաժնում յիշեցնելով, որ շուտով Հայաստանի անկախ Հանրապետութիւնը բոլորելու է իր 100-ամեակը, կրթութեան եւ լուսաւորութեան մշակներին կոչ արեց չմոռանալով, որ հայրենիքի գոյատեւման գրաւականը առողջ սերունդներ դաստիարակելու հիմքում է, առաւել ջերմեռանդ ու միասնական աշխատանքով լծւել մատաղ սերնդի ժամանակակից կրթութեան ու հայեցի դաստիարակութեան գործին:
Յանուն Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա առանձնաբար անդրադառնալով գենետիկ փոխանցումներով եւ ձեռք բերւած մարդկային յատկանիշներին, նշեց, որ իւրաքանչիւր անհատի էութիւնը ձեւաւորւում է նախ ընտանիքում, ապա դպրոցում ու հասարակութեան մէջ: Պրն. Օհանեանն իր խօսքի մի այլ բաժնում համեմատութիւններ անցկացնելով Հայաստանի եւ Սփիւռքի ուսուցիչների աշխատանքների միջեւ՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ Սփիւռքում աշխատող ուսուցչի պարտականութիւններն աւելի ծանր են, քանի որ այնտեղ օտարի գիրկն անցնելու վտանգի պատճառով, ուսուցիչն առաքելութիւն է ստանձնում յատկապէս՝ մայրենի լեզւի անաղարտ պահպանման եւ աւանդական դաստիարակութեան փոխանցման ուղղութեամբ:
Ծրագրում արտայայտւեց նաեւ Շահինշարի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ հայոց ազգ. դպրոցների ուսուցիչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով հայ ուսուցչին համարելով որպէս հայ մարդու տեսակի լաւագոյն օրինակ, առաքելութեան ու ծառայութեան տիպար եւ նւիրումի խորհրդանիշ, ի մասնաւորի գնահատանքի խօսք ուղղեց թեմիս ուսուցիչներին, ովքեր սաներին կրթելու եւ նրանց մէջ ազգային ու հոգեւոր արժէքներ սերմանելու կողքին, նրանց հոգում ու սրտում իւրայատուկ կապւածութիւն են սերմանում նաեւ թեմի դարաւոր եւ ամուր մաշկոյթի նկատմամբ:
Շնորհակալական խօսքով ու օրւան պատշաճ արտայայտութիւններով ելոյթ ունեցան Նոր Ջուղայի հայոց ագզային մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը, «Արմէն» երկսեռ կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանը, «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը, եւ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինուհի Կարինէ Միասքանեանը:
Ձեռամբ թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի պատւոգրեր շնորհւեցին նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչուհի Էմմա Օրդուբէգեանին եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի տարիների փոխ-տնօրէն Ռուբէն Գրիգորեանին, որն այս տարեշրջանից աշխատանքի բերումով տեղափոխւել է այլ կրթական միջավայր: Պատւոգրի արժանացաւ նաեւ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի նախկին տնօրինուհի Լիոնթին Աբրահամեանն, ով երկար տարիներ ուսուցչութեան ծառայութիւնից հանգստի կոչւելուց յետոյ, Կրթական խորհրդի խնդրանքով 11 տարիներ շարունակ ստանձնեց տնօրէնի պատասխանատու պարտականութիւնը: Պատւոգրերի բաշխման աւարտին իր սրտի խօսքով ու շնորհակալական արտայայտութիւններով հանդէս եկաւ Էմմա Օրդուբէգեանը:
Ծրագրի պաշտօնական բաժինը մերթ ընդ մերթ ընդմիջւեց գեղարւեստական կատարումներով: Դաշնամուրի կատարմամբ հանդէս եկան Ելենա Մանուկեանն ու Էմիլի Նաւասարդեանը, ասմունքեց Լիլիթ Գէորգեանը, երգերի կատարմամբ ելոյթ ունեցան Վեդի Յարութիւնեանն ու Մարտին Թերմադօն. վերջինիս դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցեց Ելենա Մանուկեանը. սաքսոֆոնի կատարմամբ հանդէս եկաւ Ասպետ Սիմոնեանը, իսկ պարային ներկայացմամբ բեմը ողողեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի կրտսեր խմբերը:
Եզրափակիչ խօսքն արտայայտեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը, ով իր օրհնանքի սկզբնական բաժնում շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, գնահատանքի խօսք ասաց հանգստի կոչւած ուսուցիչներին ու տնօրէններին, իսկ բարի գալուստ՝ նորանշանակներին: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն մի այլ բաժնում ուսուցչական պաշտօնը կոչում եւ ազգակերտման սրբազան առաքելութիւն համարելով՝ դրւատանքի յատուկ խօսք ուղղեց Սփիւռքի եւ ի մասնաւորի թեմիս ուսուցիչներին, ովքեր իրենց նւիրական աշխատանքի կողքին՝ գնդապետի տիպար ընդունելով, իրենց աշակերտներին դաստիարակում են այնպիսի մարտունակ հոգեբանութեամբ, որի շնորհիւ նրանց յաջողւում է յաղթական դուրս գալ օտար ձուլման վտանգից:
Երեկոն ընթացաւ բուռն խանդավառ եւ յուզական մթնոլորտում, ինչու չէ նաեւ հիւրասիրութեամբ:
Հարկ է նշել, որ ընթացքում փոքրիկ աշակերտների միջոցով բոլոր ուսուցիչներին յանձնւեցին Կրթական խորհրդի կողմից նախատեսւած յուշանւէրները, իսկ աւարտին գեղեցիկ մտայղացմամբ հիւրերին նւիրւեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների հին եւ նոր շէնքերից լուսանկարներ:
Թղթակից (Նոր Ջուղա)