Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեան համաձայն, իրանահայ թեմերի «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող երիտասարդական խորհրդաժողովը տեղի ունեցաւ հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, Նոր Ջուղայում՝ մասնակցութեամբ 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդների՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից:

Խորհրդաժողովի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ կէսօրից յետոյ ժամը 4:45-ին, Ս. Բեթղեհէմ եկեղեցում, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդներ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ հաւաքական աղօթքով ու մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի համերգով:

Այնուհետեւ բոլորը մեկնեցին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր երեկոյեան ժամը 6:00-ին, տեղի ունեցաւ խորհրդաժողովի պաշտօնական բացումը՝ ներկայութեամբ Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդ հոգեւոր հայրերի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ սոյն խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախմբի նախագահ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, վերոնշեալ զոյգ թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր Ռուբիկ Ջանանեանի ու Վարուժ Մինասեանի, թեմիս ազգային մարմինների եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների ու խորհրդաժողովի մասնակիցների:

Միջթեմական երիտասարդական խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Սօսէ Ասատրեանը, ով կարեւորութեամբ ընդգծեց, որ սոյն խորհրդաժողովի նպատակն է՝ օգնել երիտասարդներին, որպէսզի նրանք մտածելով մի շարք հարցերի շուրջ, արդիւնքում կարողանան իրենց մտքերը վերածել գործի ու առաքելութեան: Նա յառաջիկայ երկու օրերի ընթացքում երիտասարդներին մտածելու տեղիք տւող հարցերը նշեց հետեւեալ կարգով՝ որտե՞ղ է երիտասարդի յանձնառութիւնը, ինչպէ՞ս է նրա ներկան ու ապագան, ո՞րն է եկեղեցու եւ կրօնի տեղը նրա կեանքում, ի՞նչ է պահանջում երիտասարդը եկեղեցուց, նա ինչպէ՞ս է կարող իր լուման ներդնել հայ ազգի գանձանակում, եւ ինչո՞վ կարելի է արժեւորել հայ ազգի մշակոյթն ու հայրենիքը:  

Բացման խօսքից յետոյ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց խորհրդաժողովի հիմնը, ապա յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի արտայայտւեց նոյն խորհրդի անդամուհի եւ խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախմբի հետ կապ Սոնիկ Բաղումեանը: Նա նշելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեամբ իրականցւած այս համագումարը կազմակերպականօրէն ամբողջութեամբ երիտասարդների աշխատանքի արդիւնքն է, ցանկացաւ, որ ծրագրի արդիւնաւորման համար՝ ներկաներն իրենց աշխոյժ մասնակցութիւնը ցուցաբերեն ընթացող քննարկումներին: Տկն. Բաղումեանն իր խօսքի աւարտին ուժ, եռանդ եւ յաջողութիւն մաղթելով ժողովականներին՝ յոյս յայտնեց, որ երիտասարդութիւնը միշտ ամուր դիրքերից եւ առանց վարանումների արտայայտելու է իր միտքը եւ իր ձայնը լսելի է դարձնելու հոգեւոր առաջնորդներին, ազգայիններին ու ժողովրդին:

Ելոյթների շարանում ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ով նշելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի առօրեայ աշխատատետրի առաջին գծի վրայ միշտ արձանագրւած են երիտասարդների հիմնախնդիրները, ընդգծեց, թէ ազգի անցեալով հետաքրքրւած, ներկայի կեանքով տագնապող եւ ապագայով մտահոգւած իւրաքանչիւր անձ, իր զոյգ ականջները լայն պէտք է բացի երիտասարդների առաջարկած իւրաքանչիւր տրամաբանւած խօսքի դիմաց, որովհետեւ որեւէ հաւաքականութիւն առանց իր նոր սերնդի, ի սկզբանէ կորցրած է լինում գոյատեւելու ամէն յոյս եւ հնարաւորութիւն:

Գերշ. Սրբազան Հայրն իր խօսքի վերջին բաժնում կոչ արեց մասնակիցներին՝ բարձրաձայն եւ յանդուգն մօտեցումների ներքոյ իրենց մտածումների մէջ նկատի առնեն հետեւեալ կէտերը. 

ա.Ի՞նչ է սպասում ինձանից իմ ազգը, իմ եկեղեցին եւ իմ հայրենիքը:

բ.Եթէ ոչ ես, եւ ոչ հիմա, ապա ո՞վ եւ ե՞րբ օժանդակելու է խնդիրների լուծմանը:

գ.Քանդելը հեշտ է, իսկ կառուցելը դժւար: Եղածի վերանորոգելը հեշտ չի, բայց շատ աւելի ձեռնտու է, քան հինը հիմնովին քանդելը՝ հաւանական նորը կառուցելու յոյսով:  

Ելոյթների աւարտին խորհրդաժողովն անցաւ իր աշխատանքին: Սոյն օրւայ նիստերի համանախագահներն էին՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն ու Վեհանուշ Խուդաբախշեանը՝ Նոր Ջուղայից: 

Որպէս առաջին զեկուցաբեր տեսակապով (Skype) ելոյթ ծաւալեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Երիտասարդական բաժանմունքի վարիչ հոգշ. Տ. Նշան վրդ. Լախոյեանը՝ «Քրիստոնէութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմութիւնն ու հոլովոյթը. ժամանակի թելադրանքներ եւ անհրաժեշտութիւններ» նիւթով, ապա Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը խօսեց «Հոգեւոր կեանքի եւ հոգեբանութեան կապը» թեմայի շրջագծում: Իւրաքանչիւր զեկոյցի աւարտին տեղի ունեցան համապատասխան քննարկումներ: Նոյն օրը զրոյց-քննարկում կատարւեց «21-րդ դարի արագընթաց զարգացող աշխարհը եւ հայ եկեղեցին. աւանդոյթ եւ նորարարութիւն…» նիւթի շուրջ՝ երիտասարդների աշխոյժ մասնակցութեամբ:

Յատկանշական է, որ երեկոյի ընթացքում Ասպետ Սիմոնեանը սաքսոֆոն նւագարանի մենակատարմամբ, իսկ հիւրաբար Նոր Ջուղայում գտնւող երգիչ Անդրանիկ Մանուկեանն՝ ազգային-ժողովրդական երգերի կատարումներով մեծ խանդավառութիւն պարգեւեցին բոլորին:

Առաջին նիստի աւարտին ներկաները ընթրեցին, ապա այցելեցին Սպահան քաղաքի մի շարք տեսարժան վայրեր: 

Ուրբաթ առաւօտեան ժամը 9:30-ին մասնակիցները նախ այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի», այնուհետեւ Ս. Աստւածածին եկեղեցիներ, որից յետոյ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքը: 

Աշխատանքային երկրորդ օրը մեկնարկեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի գլխաւորութեամբ հաւաքական աղօթքով ու թեմերի ներկայացուցիչների զեկոյցով՝ պատկան թեմերի պատմական անցեալի ու ներկայ պատկերի ներկայացմամբ: Սպահանի հայոց թեմի զեկոյցը տրւեց Վանանդ Իսաղուլեանի, իսկ Ատրպատականինը՝ Շաքէ Մարգարեանի միջոցով: Այնուհետեւ «Ալիք» օրաթերթի կայքի խմբագիր Արամ Շահնազարեանն իր զեկոյցը ծաւալեց «Երիտասարդների մասնակցութեան պատկերը ազգային աշխատանքներում. համաշխարհայնացման ազդեցութիւնը՝ այդ մասնակցութեան վրայ» թեմայի շուրջ: Ընկալեալ ձեւի համաձայն այս զեկոյցին նոյնպէս յաջորդեց քննարկման բաժինը: 

Յատկանշական է, որ ուրբաթ՝ առաւօտեան եւ կէսօրից յետոյ զրոյց-քննարկումներ տեղի ունեցան «Ես պատրաստ եմ յանձնառութիւն ստանձնել, դու պատրա՞ստ ես ինձ վստահել» եւ «Ազգային ու հոգեւոր կեանքի արտացոլումը սոցիալ կայքերում եւ այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների ազդեցութիւնը երիտասարդութեան մասնակցութեան եւ տեղեկացւածութեան վրայ» նիւթերի շուրջ, իսկ խմբական քննարկումներ կատարւեցին «Ազգային եւ հոգեւոր կեանքը ներհամայնքային սովորութիւնների եւ պահանջների նկատառումով» թեմայի կապակցութեամբ: Իրականացւած բոլոր զրոյցների եւ քննարկումների համար գրի են առնւել համապատասխան բանաձեւեր: 

Խորհրդաժողովի քննարկումները հմտօրէն վարեց Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան արտաքին կապերի բաժնի ղեկավար եւ հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանեանը, ով Նոր Ջուղա էր ժամանել կազմակերպիչ յանձնախմբի հրաւէրով: Երիտասարդների բուռն մասնակցութեան եւ Էրիկ Անթառանեանի ու զեկուցաբերների տւած ուղղութիւնների ու ճշգրիտ հարցադրումների շնորհիւ բոլոր քննարկումներն ընթացան թէժ եւ բովանդակալից:

Երկրորդ օրւայ առաջին նիստը համանախագահեցին՝ Արմօ Մինասեանը՝ Նոր Ջուղայից եւ Շաքէ Մարգարեանը՝ Թաւրիզից, իսկ երկրորդ նիստը վարեցին՝ Վահէ Թահմազեանն ու Մառիա Խուդավերդեանը՝ Շահինշահրից: 

Ուրբաթ՝ կէսօրից յետոյ, իրականացւեց նաեւ մրցոյթ-խաղ, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց երիտասարդների մօտ: Մրցոյթը ծրագրաւորւել էր Արփի եւ Րաֆֆի Դիլանչեանների միջոցով, իսկ այն վարեց Վանա Շիրւանեանը: 

Երեկոյեան ժամը 7-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում երիտասարդներին միացան Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդները եւ թեմիս ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ուր սկիզբ առաւ համագումարի փակման հանդիսութիւնը: Սկզբում իրականացւեց գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր: Այս բաժնում երգերի կատարմամբ հանդէս եկան Հարմա Կարապետեանը, Վանանդ Իսաղուլեանը, Վանա Շիրւանեանն ու Մարալ Քեշիշեանը, իսկ ասմունքով՝ Նազէ Ասատրեանը եւ Արփա Մարգարեանը:

Այնուհետեւ միջոցառման եզրափակիչ խօսքն ասաց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Առաջնորդ Հայր Սուրբն իր ելոյթում նշեց, որ երիտասարդները երկու տեսակ են, ոմանք կտրւած լինելով համայնքային եւ միութենական կեանքից անտարբեր են գտնւում ազգի եւ համայնքի ճակատագրի նկատմամբ, իսկ միւս մասը  հայեցի դաստիարակութեամբ թրծւած լինելով, շարունակ իրենց հարց են տալիս, թէ որպէս հայ ազգի փոքր մասնիկ, ի՞նչ պարտականութիւն ունեն համայնքի, եկեղեցու եւ հայրենիքի նկատմամբ: Նա յոյս յայտնելով, որ այս խորհրդաժողովը կարողացել է օգնել երիտասարդներին՝ գտնելու իրենց պարտականութիւնն ու պատասխանատւութիւնը, թէ որպէս հայորդի եւ թէ որպէս պատկան թեմի երիտասարդ ներկայացուցիչներ, ցանկացաւ, որ նրանք այսուհետ իրենց համայնքներն ու թեմերը դէպի լուսաշող ապագայ առաջնորդող ծրագրերը կազմակերպեն նոր քայլերով ու յանձնառութեամբ: 

Հայր Սուրբի հայրական օրհնանքից յետոյ տեղի ունեցաւ հաւաքական լուսանկարում, իսկ հաճելի ու ընկերական մթնոլորտի ներքոյ ընթրիք երեկոյ եւ խրախճանք: 

Հարկ է նշել, որ սոյն խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախումբը կեանքի էր կոչւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից՝ իր կազմում ունենալով թեմիս երիտասարդներից, իսկ միւս թեմերի Թեմական խորհուրդների կողմից ներկայացւել էին մէկական ներկայացուցիչներ, ովքեր հեռակայ կարգով համագործակցեցին սոյն յանձնախմբի հետ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Հաւաքական լուսանկարի հեղինակ՝ Գեւիկ Խաչատրեան

 
 
 
 
{gallery}photo_report/2017_10/Yeritasardakan_seminar{/gallery}