Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը Արցախին զօրակցելու նպատակով կազմակերպւող իր աշխատանքների ծիրում, իրականացրեց Արցախում արտադրւած մթերքի եւ սեղանի ծածկոցների ցուցահանդէս-բարեգործական վաճառք, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 20-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում: Վերջին երկու տարիների ընթացքում սա 4-րդ անգամն է, ինչ Կանանց Գթութեան միութիւնը կազմակերպում է Արցախից բերւած մթերքի վաճառքը:
Այս շրջագծում վաճառքի էին դրւել մեղրի, մրգանուշի, չրեղէնի եւ այլ ուտելիքների լայն տեսականի, իսկ առանձին կրպակում՝ սեղանի ծածկոցներ: Ընթացքում աշխատեց նաեւ բիւֆէ:
Կազմակերպիչներին քաջալերելու նպատակով, կէսօրին, հայոց ազգ. ծերանոց այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով ողջունելով հայրենանպաստ աշխատանքների կազմակերպումը, ուժ ու կորով մաղթեց Կանանց Գթութեան միութեան անդամուհիներին: Վաճառքը մեծ ընդառաջում գտաւ հայ եւ պարսիկ հայրենակիցների կողմից: Ամբողջ հասոյթը յատկացւելու է Արցախին զօրակցելու ծրագրերին: