Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում: Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Պատարագին մասնակցում էր թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:
Հոգեպարար արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ հոծ թւով ժողովուրդ:
Պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում անդրադառնալով հայերէն այբուբենի յօրինման ուղղութեամբ Ս. Մեսրոպ Մաշտոցի կատարած տքնաջան աշխատանքին, աւելացրեց՝ քանի որ հայոց տառերի գիւտը տեղի ունեցաւ Աստծոյ կամքով ու տեսիլքի շնորհիւ, այն կատարեալ է ինչպէս Աստւած եւ այսքան տարիներ անց նոյնիսկ որեւէ փոփոխութիւն չի կրել:
Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ յիշելով թարգմանիչ վարդապետներին եւ նրանց գործունէութիւնը, ընդգծեց նրանց գործի արդիւնքը, որը կենսական նշանակութիւն է ունեցել հայ ժողովրդի համար: Նա վերջում աշակերտութեանը յորդորեց՝ սիրել հայոց լեզուն ու հայ մշակոյթը, ապրել հային հարիր ապրելակերպով, անաղարտ պահել ու զարգացնել լեզուն ու մշակոյթը եւ առաջնորդւել ուսուցիչների ու մեծերի ցուցումների համաձայն, իսկ ուսուցիչներին ու ծնողներին կոչ արեց՝ աշակերտութեանը առաջնորդել դէպի Աստծոյ տուն՝ եկեղեցի՝ նրանց մէջ առաւել ամրապնդելով աղօթքի եւ եկեղեցու նկատմամբ սէրն ու հաւատքը:
Պատարագի աւարտին առաջնորդ Հայր Սուրբի գլխաւորութեամբ բոլորը քայլեցին դէպի եկեղեցու մօտակայքում գտնւող հայոց ազգ. կրթահամալիր, ուր «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ գեղարւեստական ամենամեայ ծրագիրը՝ աշակերտների կատարմամբ: Այստեղ ծրագիրն սկիզբ առաւ Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Թարգմանչած տօնի միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի անդամ Սոնիա Դիլանչեանի հաղորդավարութեամբ եւ առիթին նւիրւած խօսքով:
Աշակերտական ելոյթների բաժնում օրւան պատշաճ երգերով, ասմունքներով ու խօսքերով, առանձնաբար հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. նախակրթարանի եւ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի սաները, իսկ ասմունքեցին «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների ներկայացուցիչներ Լիլիթ Գէորգեանն ու Արթուր Քամարզարեանը:
Ծրագրում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» եւ «Արմէն», «Քանանեան» ու «Կատարինեան» դպրոցների գրադարանների ամենաընթերցասէր անդամ-աշակերտները, ինչու չէ նաեւ Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային մասնակցած եւ սոյն աշակերտական մրցոյթի յաղթող խումբը ճանաչւած Նոր Ջուղայի պատւիրակութեան աշակերտներն ու պատասխանատուն գնահատւեցին՝ թեմակալ առաջնորդի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների, օլիմպիադային մասնակցած աշակերտների ուսուցման գործն իրականացրած պատասխանատու ուսուցիչների եւ պատկան գրադարանավարուհիների ձեռամբ:
Յատկանշական է, որ նախորդ տարեշրջանում «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի աշխոյժ ընթերցասէր անդամ-աշակերտների թիւը հասաւ շուրջ 40-ի՝ աննախադէպ աճ արձանագրելով նախորդ տարիների համեմատութեամբ:
Վերջում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը ուղղեց ներկաներին, ուր շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ մեծապէս գնահատեց հայ ուսուցչին՝ որպէս իր սրբազան առաքելութեանը նւիրւած առաքինի եւ յանձնառու էակ: Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ երբ մեր ազգի նորօրեայ սերունդը խօսում եւ գրում է հայերէն, սովորում է հայ գրականութիւնը եւ հաւատարիմ է հայ մշակոյթին, արժանանում է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւ Հայրապետի օրհնութեանը:
Միջոցառումից յետոյ, կրթահամալիրի բակում, վերջին տարիների ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում հաւաքւած նոյնանուն գրքերի յաւելեալ օրինակները անվճար բաշխւեցին ընթերցասէր աշակերտներին ու ներկաներին:
Թղթակից (Նոր Ջուղա)