Աղբիւր՝ www.alikonline.ir
Երէկ սեպտեմբերի 12-ին՝ մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:
Խաղերի բացման արարողութեանը ներկայ էին սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Մասուդ Սոլթանիֆարը, ուսումնադաստիարակչական կենտրոնի տնօրէն Անուշիրւան Մոհսէնին, Թեհրանի նահանգապետ դոկտ. Սէյէդ Հոսէյն Հաշեմին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, հիւրարաբար Թեհրան այցելած Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի քաղխորհրդի ներկայացուցիչներ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան մարշ-նւագախմբի կատարմամբ, որոնք «Ակունք» կենտրոնի սաների ուղեկցութեամբ մարզադաշտ բերեցին Իրանի պետական եւ Համահայկական խաղերի դրօշները, որից յետոյ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի՝ կատարեց Տէրունական աղօթքը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնը:
Բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը: Իր ելոյթի ընթացքում Գէորգ Վարդանը ողջունեց հիւրերին ու ներկաներին, անդրադարձաւ իրանահայութեան պատմութեանը եւ մարզիկներին մաղթեց ամուր կամք եւ յաջողութիւն:
Գէորգ Վարդանի խօսքերից յետոյ տեղի ունեցաւ խաղերին մասնակից մարզական թիմերի տողանցքը, որից յետոյ խաղերի ջահը վառեց բասկետբոլի Իրանի ազգային հաւաքականի անդամ Օշին Սահակեանը: Ապա տեղի ունեցաւ մասնակից մարզիկների եւ մրցավարների երդման արարողութիւնը:
Խաղերի բացման արարողութիւնից յետոյ ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն՝ անդրադառնալով մեր օրերում մարդկութեան դէմ ծառացած հիմնախնդիրներին:
Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ նաեւ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Մասուդ Սոլթանիֆարը՝ ողջունելով մասանկիցերին, եւ յոյս յայտնելով, որ նման միջոցառումները կը նպաստեն հասարակութեան հոգե-մտաւոր եւ ֆիզիքական վերելիքին ու դաստիարակութեանը: Նա բարձր գնահատեց իրանահայութեան դերակատարութիւնը երկրի հասարակական կեանքի տարբեր բնագաւառներում, առանձնացնելով յատկապէս սպորտի բնագաւառը:
Իր խօսքերի աւարտական բաժնում նախարարն անդրադարձաւ նաեւ «Արարատ»-ի ֆուտբոլի թիմին՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում կրկին թիմի վերելքի ականատեսը կը լինենք:
Օրւայ եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդն իր ելոյթում ողջունեց խաղերի մասնակիցներին եւ միջոցառմանը ներկայ հիւրերին՝ նշելով, որ պետական այրերի ներկայութիւնը, վկայում է փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան բացառիկ այն մթնոլորտի մասին, որը տիրում է Իրանում:
Յատկանշական է, որ օրւայ Իրանի Համահայկական խաղերի 49-րդ շրջանի բացման արարողութեան գեղարւեստական հագեցած յայտագրում ելոյթ ունեցան «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ, եւ Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական դպրոցի սաները: Պարային կատարումներով հանդէս եկան «Արարատ», «Զարթօնք», «Կակաչ», «Ակունք», եւ «Կարապ» պարախմբերը: