Կրօնների երկխօսութեան կենտրոնի եւ Շւէյցարիայի եպիսկոպոսների խորհրդի երկխօսութեան 5-րդ շրջանի նիստին մասնակցելու նպատակով Շւէյցարիայից Իրան ժամանած պատւիրակութիւնը թւականիս օգոստոսի 29-ին այցելեց Ս. Ա. Վանք:
Պատւիրակութեանը մաս էին կազմում Շւէյցարիայի եպիսկոպոսների խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ նոյն խորհրդի մշակութային եւ կրօնների երկխօսութեան փոխ-առաջնորդ Ալէն Դի Ռայմիի եւ Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիռին:
Նոյն օրը Ազգային առաջնորդարանը հիւրընկալեց Կրօնների եւ դաւանանքների համալսարանի միջոցով կազմակերպւած համաժողովի մասնակիցներին:
Ազգային առաջնորդարանի Ծաղկեայ դալիճում հիւրերին ընդունեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ Թեմական խորհրդի փոխ-ատենապետ՝ դկտ. Վաչիկ Հայրապետեանը:
Երկու հանդիպումների ընթացքում, ծանօթութեան գծով տեղեկութիւններ փոխանցւեցին կողմերի միջեւ, եղան հարց եւ պատասխաններ: Այնուհետեւ արծարծւեցին տարբեր խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին Իրանի հայկական համայնքների եւ տեղի իշխանութեան միջեւ առկայ յարաբերութեանը եւ որպէս կրօնական փոքրամասնութիւն՝ հայութեանը վերապահւած իրաւունքներին, որոնց տրւեց համապարփակ բացատրութիւն: