ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի արդիւնքում, ուժեղագոյն խումբը ճանաչւեց Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը: Այս յաջողութիւնը ձեռք է բերւում երրորդ անընդմէջ անգամւայ համար եւ համայնքիս գերազանցիկ աշակերտները 6 եւ 7-րդ օլիմպիադաներում նոյնպէս արժանացել են սոյն պատւաւոր կոչումին:
Մրցոյթին այս տարի մասնակցել էին 78 աշակերտներ՝ 9 երկրների 21 զանազան համայնքներից: Նոր Ջուղայի աշակերտական խմբին մաս էին կազմել հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գերազանցիկ աշակերտներից ութ հոգի՝ Լուսիա Գալստանեանը, Լիլիթ Հայրապետեանը, Վանէ Օրոջեանը, Անի Մկրտչեանը, Ռենիա Մինասեանը, Դերիկ Յակոբեանը, Վահագն Հայրապետեանը եւ Արսիս Յովհաննիսեանը. խմբին որպէս պատասխանատուներ ընկերակցում էին «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարհադեանն ու Կրթական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը:
Յատկանշական է, որ մասնակիցների ընտրութիւնը կատարւել էր Կրթական խորհրդի եւ զոյգ դպրոցների պատասխանատու կազմերի նախաձեռնութեամբ անցկացւած մրցոյթի արդիւնքում, իսկ նրանց ուսուցման գործը վստահւած էր ուսուցչուհիներ՝ Անահիտ Թահմազեանին, Սեդա Դիլանչեանին, Քառոլին Դիլանչեանին եւ Սօսէ Պօղոսեանին՝ ղեկավարութեամբ «Քանանեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանի, ով Կրթական խորհրդի կողմից նշանակւել էր որպէս պատկան ուսումնական ծրագրի պատասխանատու:
8-րդ օլիմպիադայի հայոց լեզւի, հայ գրականութեան եւ հայոց պատմութեան բաժնում՝ խումբն արժանանացել է մէկ առաջին, մէկ 2-րդ եւ երեք 3-րդ կարգի դիպլոմների ու մէկ շնորհակալագրի՝ հետեւեալ կարգով.
Լուսիա Գալստանեան՝ առաջին կարգի դիպլոմ.
Լիլիթ Հայրապետեան 2-րդ կարգի դիպլոմ.
Վանէ Օրոջեան, Անի Մկրտչեան եւ Դերիկ Յակոբեան 3-րդ կարգի դիպլոմ.
Ռենիա Մինասեան՝ շնորհակալագիր:
Երգի բաժնում Լուսիա Գալստանեանն արժանացել է պատւոգրի, իսկ Լիլիթ Հայրապետեանը ասմունքում՝ շնորհակալագրի:
Յաջողութիւն մաղթելով աշակերտներին ու պատասխանատուներին՝ նորանոր նւաճումեր ենք ցանկանում նրանց:
Խորապէս գնահատելով Հայագիտական Համահայկական 8-րդ օլիմպիադայում Նոր Ջուղայի աշակերտութեան արձանագրած գերազանց յաջողութիւնները՝ ի մասնաւորի ուժեղագոյն խմբի պատւաւոր կոչումին արժանանալը, բոլորին մաղթում ենք նորանոր վերելքներ եւ յառաջադիմութիւն կրթութեան ասպարէզում: Վստահ ենք, որ այս փայլուն ձեռքբերումը նոր ուժ ու խթան է հանդիսանալու մեր աշակերտների համար՝ իրենց գիտելիքները հայագիտութեան ոլորտում առաւել կատարելագործելու առումով:
Անտարակոյս այս յաջողութեան համար մեր աշակերտների աշխատասիրութեան եւ նրանց ծնողների բծախնդրութեան ու համագործակցութեան հետ մէկտեղ պարտական ենք նաեւ հայ դպրոցին, տարիներ շարունակ աշակերտների հայեցի դաստիարակութեամբ զբաղւած, նրանց՝ մայրենի լեզւի, գրականութեան եւ հայ մշակոյթի վերաբերեալ գիտելիքներ եւ սէր փոխանցելու գործում ջանք ու եռանդ չխնայած մանկավարժներին, ուսուցիչներին, Օլիմպիադային նախապատրաստւելու դաստիարակներին եւ խմբի պատասխանատուներին, որոնց արժանին հատուցեցին մեր գերազանցիկները:
Սիրելի աշակերտներ, թանկագին ուսուցիչներ, պատասխանատուներ եւ ծնողներ, շնորհաւոր բոլորիս այս յաջողութիւնը: