Կիրակի՝ օգոստոսի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում հանդիսաւորութեամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի վերափոխման (Խաղողօրհնէք) տօնը:
Ս. Ստեփանոս եկեղեցում ս. պատարագը նախագահեց եւ մատուցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Պատարագին ներկայ էին եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ դպրաց դասի ներկայացուցիչները: Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Գերպ. Հայր Սուրբը արարողութեան ընթացքում տւած իր քարոզի սկզբնական բաժնում անդրադառնալով Ս. Աստւածածնի վերափոխման տօնի խորհրդին՝ ընդգծեց, որ այս տօնը պատեհ առիթ է, որպէսզի մեր խորհրդածութեան առանցքը դարձնել փոխադարձ հոգածութիւնը: Այնուհետեւ բնաբան ունենալով «Պատւիր քո հօրն ու մօրը» Աստծոյ պատւիրանը եւ մատնանշելով այն փաստը, որ զաւակները ծնունդ առնելուց ի վեր վայելում են իրենց ծնողների ուշադրութիւննն ու գուրգուրանքը, յորդորեց՝ տօնը յարմար առիթ դարձնել՝ սոյն աստւածային պատւիրանը շարունակ մտաբերելու եւ գործադրելու համար՝ սիրելով ու յարգելով ծնողներին, հոգածութիւն ցուցաբերելով նրանց նկատմամբ եւ չմոռանալով, որ նրանք իրենց ամբողջ կեանքը զոհում են իրենց զաւակների համար:
Քարոզի աւարտին ներկայ հաւատացեալներն հաղորդութիւն ստացան, ապա պատարագիչ Հայր Սուրբի գլխաւորութեամբ օրհնւած խաղողի ողկոյզները բաժանւեցին ժողովրդին: