Ընդառաջելով ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւած օլիմպիադայի ծրագրին, ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս թեմիս Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ աղջկանց ու տղայոց դպրոցների գերազանցիկ աշակերտների մասնակցութիւնը` Հայաստանում կայանալիք Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային, որը տեղի է ունենալու օգոստոսի 4-ից 10-ը, Աղւերանում:
Այս նպատակով Կրթական խորհրդի եւ երկու դպրոցների պատասխանատու կազմերի նախաձեռնութեամբ մրցոյթ անցկացւեց 14-ից 17 տարեկան գերազանցիկ աշակերտների միջեւ, որի արդիւնքում ընտրւեցին լաւագոյն 9 աշակերտները, իսկ հետագայում աշակերտուհիներից մէկը հրաժարւեց: Նոր Ջուղայի գերազանցիկների խումբը բաղկացած 5 աղջիկներից եւ 3 տղաներից Հայաստան մեկնեց հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին: Պատւիրակութեանը, որպէս պատասխանատուներ ընկերակցում են «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարհադեանը եւ Կրթական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը:
Մեկնումից մէկ օր առաջ, չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում աշակերտ-ուհիներին, պատասխանատուներին եւ պատկան ուսուցիչներին ու աշակերտների ծնողներին ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:
Սկզբում առաջնորդ Հայր Սուրբը դրւատանքի խօսք ուղղեց Կրթական խորհրդին եւ Խորհրդի գրասենեակի պատասխանատու Մադլէն Ղարիբեանին, ինչպէս նաեւ Թեմական խորհրդին ու վերոնշեալ դպրոցների տնօրէնութիւններին եւ ուսուցչական կամզերին՝ համահայկական այս օլիմպիադային աշակերտների մասնակցութիւնն ապահովելու ուղղութեամբ կատարած ջանադիր աշխատանքի համար, ապա աշակերտներից տեղեկանալով իրենց նախասիրութիւնների մասին, նրանց յորդորեց՝ տէր դառնալ իրենց շնորհքներին եւ ամենուրեք բարձր պահել Սպահանի հայոց թեմի անունը:
Յաջորդիւ յանուն Թեմական խորհրդի արտայայտւեց Սոնիկ Բաղումեանը, ով շեշտելով, որ թեմի ամենակարեւոր սկզբունքներից մէկը հայրենիքի հետ կապերի զարգացումն ու յարատեւութիւնն է, աւելացրեց՝ այս միջոցառումը պատեհ առիթ է, որպէսզի մասնակիցները, պարզապէս հայրենիք այցելելուց բացի, իրենց հասակակիցների հետ, ովքեր օլիմպիադայի շրջագծում հաւաքւելու են աշխարհի տարբեր երկրներից եւ Հայաստանից, աւելի նպահակաուղղւած կեպրով կապ հաստատեն՝ կրթական, մշակութային ու գիտական ոլորտներում:
Խօսք առնելով Կրթական խորհրդի անունից, փոխ-ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանը ընդգծեց, որ յաջողութիւններ արձանագրելուց բացի, մասնակիցներն այս առիթը պէտք է օգտագործեն իրենց գիտելիքների բազան ընդլայնելու, վարժւելու հաւաքական կեանքին եւ իրենց կեանքի լաւագոյն յիշողոթիւններն ու յուշերն արձանագրելով յաջող արդիւնքներով վերադառնան Նոր Ջուղա:
Ելոյթների շարանում «Քանանեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը, ով Կրթական Խորհրդի կողմից նշանակւած էր, որպէս Օլիմպիադայի ուսումնական ծրագրի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու, բացատրութեամբ հանդէս եկաւ դասընթացների կազմակերպման շրջագծում կատարւած աշխատանքների մասին: Շեշտելով յատկապէս, որ հայագիտական այս օլիմպիադաներին մասնակցութիւնը, իրապէս մեծ ներգործութիւն է ունեցել աշակերտների գիտելիքների աճի եւ անհատականութեան կայացման գործում նա նշեց, որ համահայկական այս ծրագրին բարձր մակարդակով ներկայութիւն ապահովելու նպատակով, աշակերտների համար կազմակերպւել են հայ գրականութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի պատմութեան շաբաթական դասընթացներ, դասաւանդութեամբ ուսուցչուհիներ՝ Անահիտ Թահմազեանի, Սեդա Դիլանչեանի, Քառոլին Դիլանչեանի ու Սօսէ Պօղոսեանի:
Շարունակութեան արտայայտւեցին ուսուցչուհիներ Անահիտ Թահմազեանը եւ Սօսէ Պօղոսեանը, անդրադառնալով նախորդ օլիմպիադաներից գեղեցիկ յիշողութիւններին ու փորձառութիւններին:
Աշակերտների անունից երախտիքի խօսք ասաց Լիլիթ Հայրապետեանը, իսկ ծնողների կողմից շնորհակալական խօսք արտայայտեց Լորեթա Յակոբեանը:
Վերջում ներկաները միասնաբար արտասանեցին Տէրունական աղօթքը եւ պատւիրակութեան անդամներն ստացան առաջնորդ Հայր Սուրբի օրհնութիւնը, ինչպէս նաեւ Կրօնական խորհրդի կողմից հրատարակած աղօթագրքեր եւ խաչքարերի մասին գրքոյկը: Հանդիպումն աւարտւեց հաւաքական յիշատակի լուսանկարով:
Թղթակից (Նոր Ջուղա)