Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, զբօսաշրջիկական ուղեցոյցների համար  կազմակերպւող վերապատրաստման դասընթացների շրջագծում, կիրակի եւ երկուշաբթի՝ յուլիսի 30 եւ 31-ի առաւօտեան, այս անգամ որպէս պատմա-մշակութային արժէք ունեցող մի վայր, ճանաչողական այցելութիւն կատարւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն:

Ծրագրին, որին ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, մասնակցում էին թւով 60 ուղեղցոյցներ, ովքեր բաժանւել էին երկու խմբերի՝ յաջորդական երկու օրերի ընթացքում ուկնդրելու դասախօսութիւնը եւ ճանաչողական շրջայց կատարելու գերեզմանատան տարածքում: Սոյն դասարանի համար հրաւիրւել էր Արգին Աբնուսեանը, ով իր ուսումնասիրութիւնների եւ Թեմի Հայոց Գերեզմանատան բարեզարդման մարմնի ատենապետ Արման Սիմոնեանից քաղած օգտաշատ տեղեկութիւնների հիմամբ, յաջողեց մասնակիցներին ոչ միայն ծանօթացնել գերեզմանատան պատմական անցեալին ու տարբեր բաժիններին, այլեւ նրանց իրազեկել Հայաստանեայց Առաքելական եկեղեցու թաղման կարգի, հայկական խաչքարերի, գերեզմանաքարերի տեսակների ու դրանց վրայ քանդակւած նախշերի եւ մի շարք առնչակից այլ տեղեկութիւնների մասին: 

Բացատրութիւնների աւարտին բոլորն այցելեցին գերեզմանատանում թաղւած անւանի հայ եւ օտարերկրացի ննջեցեալներ՝ Նոր Ջուղայի պատմաբան Յարութիւն Տէր-Յովհանեանի, Սբ. Ամենափրկիչ վանքի եկեղեցու նկարչութիւնների հեղինակներից Յովհաննէս Տիեզերալոյսի ¥Մրքուզ¤, թառ նւագարան պատրաստող Յովհաննէս Աբգարեանի, Կարապետ Արքեպիսկոպոսի (ձագյարոյց), Ղաջարների թագաւորութեան ժամանակաշրջանի ճարտարագէտ եւ լուսանկարիչ Էռնեստ Հոլթսերի, Սեֆեւեան թագաւորական ընտանիքի գլխաւոր ժամագործ Ժաքոբ Ռուսոյի եւ ժամագործ Ռուդոլֆ Շթոդլերի ու մի շարք այլ հանրայայտ անձանց շիրիմներ, որտեղ էլ ծանօթացան նրանց կենսագրականներին: Մասնակիցները այցելեցին նաեւ Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների շիրիմները եւ Արեւմտեան Հայասատան կատարած ուխտագնացութեան հանրակառքի վթարի հետեւանքով զոհւածների համար կանգնեցւած յուշակոթողին:

Հարկ է նշել որ ծրագրի իրականացմանը մեծապէս նպաստել էր Հայոց Գերեզմանատան բարեզարդման մարմինը:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)