Չորեքշաբթի՝ 2017 թւականի յուլիսի 26-ի առաւօտեան Ս. Ամենափրկչեան Վանքի Պատգամաւորական Ժոովի ժողովասրահում, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի ատենապետ պրն. Թաթուլ Օհանեանի, Թեմական Խորհրդի անդամներ դկտ. Նորայր Թումանեանի եւ տկն. Սոնիկ Բաղումեանի միջոցով հիւրընկալւեցին Միջազգային հարցերում Սպահանի Պետական համալսարանի տնօրէնի խորհրդական եւ միջագային գիտական համագործակցութիւնների գրասենեակի տնօրէն դկտ. Թայեբին, Օտար լեզուների ֆակուլտետի տնօրէն դկտ. Շոքրեանը եւ հայերէն-գերմաներէն գիտական խմբի դասախօս դկտ. Մալեք Մոհամադին:
Հանդիպման գլխաւոր օրակարգն էր Սպահանի Պետական համալսարանի Հայագիտական ամբիոնին նպաստելուն ուղղւած համագործակցութիւնները Համալսարանի եւ Սպահանի հայոց թեմի միջեւ, յատկապէս առաջիկայ ուսումնական տարւայ համար դասախօսական կազմի համալրման աշխատանքները, որի կապակցութեամբ շուրջ մէկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում համաձայնութիւններ էր ձեռք բերւել Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնից կամ Բանասիրական ֆակուլտետից ասպիրանտների ներգրաւման, ինչպէս նաեւ հիւր-դասախօսներ հրաւիրելու մասին:
Հանդիպմանը, որն ընթացաւ փոխգործակցութեան եւ բարեկամական ջերմ մթնոլորտում, վեր հանւեցին բոլոր այն հնարաւորութիւնները, որոնք սկզբունքօրէն եւ օրէնքով գոյութիւն ունեն համալսարանի որոշումների եւ աշխատանքային կանոնների մէջ, նաեւ թեմիս այն կարելիութիւնները, որոնք մեծապէս կը նպաստեն ամբիոնի աշխատանքների զարգացման եւ աշխուժացմանը, համալսարանական այս ճիւղի ուսանողների գիտական վերելքին եւ հայ ժողովրդի մշակոյթի եւ գրականութեան հետ առաւել ծանօթացմանը:
Հանդիպման աւարտին որոշւեց ներկայ եւ նախորդ երկու նիստերի ընթացքում արծարծւած խնդիրները եւ առաջարկութիւնները ի մի բերել մի պաշտօնական արձանագրութեան մէջ, որը հիմք կը հանդիսանայ օր առաջ կազմելու աշխատանքային ծրագիր եւ ժամանակացոյց, իսկ դա գործադրելու համար կեանքի կը կոչւեն աշխատանքային համապատասխան խմբեր՝ համալսարնից եւ թեմիցս ներկայացւող անձնակազմի միջոցով:
Սպահանի Համալսարանի պատւիրակութիւնը այնուհետեւ այցելեց Վանքի Ս. Ներսէս Շնորհալի գրադարան, որտեղ գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի միջոցով ներկայացւեց գրադարանի հանարւորութիւնները, արդիական պայմաններում եւ միջոցներով դիմողներին մատուցւող ծառայութիւնները, որոնք տրամադրելի են նաեւ համլսարանի Հայագիտական ճիւղի ուսանողներին, ինչը մեծապէս գնահատւեց համալսարանի պատասխանատուների կողմից: Առիթ եղաւ նաեւ այցելելու արխիւանոց, որտեղ գրասենեակի պատասխանատու Թովմա Գալստանեանի միջոցով բացատրւեց պահւող արխիւների գիտա-հետազօտական եւ պատմական արժէքը՝ հայագիտական ուսումնասիրութիւնների համար: