Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ յուլիսի 23-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ: Օրայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ արարողութեան իրականացմանը մասնակից էին՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, դպրաց դասի ներկայացուցիչներն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Եկեղեցում ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ. թեմի Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Բոլորան գիւղի հայ համայնքի անդամները եւ Վարդավառը նշելու նպատակով գիւղում կեցութիւն հաստատած Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ իրանահայ այլ թեմերից հայորդիներ: 

Ս. պատարգի ընթացքում առաջնորդ Հայր Սուրբը բնաբան ունենալով Մատթէոսի աւետարանից հետեւեալ հատւածը՝ «Վեց օր յետոյ Յիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոս եւ Յովհաննէս եղբայրներին եւ նրանց հանեց մի բարձր լեռ, որտեղ նրանք առանձին մնացին», հիմնականում անդրադարձ ունեցաւ Քրիստոսի այլակերպութեանը: Նա կարեւորութեամբ ընդգծելով, որ Յիսուսի այլակերպութեան վկաները եղան նրա երեք առաքեալները, որոնց իր հետ էր վերցրել ինքը՝ Քրիստոսը, այսպէս շարունակեց. «Այս երեք առաքեալների ընտրութիւնը խտրութեան կամ աչառութեան հետ կապ չունէր, այլ ազատ կամքի եւ մտերմութեան արտայայտութիւն էր: Դա էական եւ շատ պարզ մի բնազդ է, որը կիրառւում է մարդկային կեանքի ընթացքում: Մենք եւս մեր բարեկամներից, ծանօթներից եւ ազգականներից ընտրում ենք ընկերներ, մօտիկներ ու մտերիմներ»: 

Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ գոյութիւն ունի երկու տեսակի ընտրութիւն՝ կարճ եւ ժամանակաւոր, որը հիմնւած է շահի եւ անձնական գործերի վրայ, իսկ  երկար ու մշտական, որն առաջանում է սիրուց եւ յարգանքից, յորդորեց առաւել զգօնութիւն ցուցաբերել ընկերների ու մտերիմների ընտրութեան հարցում եւ Վարդավառը պատեհ առիթ համարելով, փորձել սրբագրել կեանքն ու գործերը եւ աստւածահաճոյ արարքներով օրինակ հանդիսանալ ու դարձի բերել ընկերներին ու մտերիմներին:  

Հոգեպարար արարողութիւնից յետոյ առաջնորդ Հայր Սուրբը մօտենալով եկեղեցու շրջափակում բոլորւած ժողովրդին՝ իր օրհնութիւնը փոխանցեց նրանց: 

Այլակերպութեան տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի: 

 
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեցին հաւատացեալ ժողովուրդը