Վերջերս երիտասարդ արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագործութիւնները մեծ ուշադրութեան են արժանացել արւեստասէր խաւի կողմից: Իրանահայ համայնքի այս արժանի զաւակը, իր արւեստն ամբողջութեամբ ի գործ է դրել հայկական մշակոյթը միւս ազգութիւններին առաւել ճանաչեցնելու ուղղութեամբ:
Գեղանին ծնւել է 1993 թւականին, Նոր Ջուղայում: Տարրական ու միջնակարգ կրթութիւնն ստացել է տեղի հայոց ազգային դպրոցներում, այնուհետեւ ընդունւելով «Սեփեհռ» համալսարանի գրաֆիկ ճիւղում՝ ուսումը գերազանց աւարտել է լիսանսի մակարդակով: Նա համալսարանական դասապահերին զուգահեռ, զբաղւել է զանազան ձեռքի աշխատանքներով, որոնց շրջագծում էլ, շուրջ երեք տարի առաջ ծանօթացել է ձեռքով տպագրութեան արւեստին:
Արւեստի այս բնագաւառում հեղինակը նախ իր ցանկացած պատկերը փորագրում է փայտի կամ լինոլէոմ հումքի վրայ, ապա բարդ եւ ժամանակատար աշխատանքի արդիւնքում, փորագրւած հումքից պատրաստում շաբլոն, որի միջոցով յատուկ թղթերի վրայ կարողանում է տպագրել իր նախատեսած պատկերը: Պղնձէ հումք ընտրելու պարագային, փորագրութիւնը կատարւում է թթւի միջոցով, որը նոյնպէս դժւար աշխատանք է:
Գեղանիի ձեռքի տպագրութիւններն այնպիսի բարձր որակ ունեն, որոնց դիտելիս հանդիսատեսին թւում է, թէ ցուցադրւած պատկերը գծագրութիւն է:
Երիտասարդուհին իր ձեռքի աշխատանքները ներկայացրել է երկրի մակարդակում անցկացւած մի շարք միջոցառումներին, ինչու չէ նաեւ Իրանում Փղոսկրեայ Ափ երկրի դեսպանատան կազմակերպած երկրորդ եւ երրորոդ փառատօններին՝ արժանանալով կազմակերպիչների բարձր գնահատակններին ու հանդիսատեսի լայն ուշադրութեանը:
Գեղանի Առաքելեանը արւեստասէր խաւի մօտ փայլել է նաեւ իր համալսարանի աւարտական աշխատութեամբ, որտեղ նա հայկական թռչնագրի ձեւով գրել է պարսկերէն այբուբենը: Նրա այս գործի շնորհիւ, որը կրում է «Հայոց այբուբենի գրաֆիկական հնարաւորութիւնների ուսումնասիրութիւնը» խորագիրը, առաւել չափով ճանաչեցւել են յատկապէս հայոց տառերն ու թռչնագիրը:
Նրա ստեղծագործութիւնների իրականացման շարժառիթը հանդիսացել է հայկական մշակոյթի տարածման գաղափարը, ինչը կարելի է նկատել հեղինակի ցանկացած գործից, որտեղ ակնյայտ են հայկական նախշերի օգտագործումը եւ հայի ճաշակի արտացոլումը:
Երիտասարդ արւեստագէտը նպատակ ունի իր ուսումը շարունակել գեր-լիսանսի մակարդակում. նա ցանկանում է նաեւ յետագայում հիմնադրել իր սեփական աշխատանոցը, ուր հնարաւոր կը լինի ստեղծել բազմատեսակ եւ մեծ քանակութեամբ աշխատանքներ եւ յատկապէս իրականացնել իր վաղեմի երազանքը՝ ուսուցանել «Ձեռքով տպագրութիւն» արւեստը:
Նորանոր յաջողութիւններ ցանկանալով Գեղանիին՝ մաղթում ենք նրան կանաչ ճանապարհ եւ մասնագիտական ասպարէզում բեղուն գործունէութիւն: