Հինաւուրրց Ս. Ամենափրկիչ վանքը երկար տարիներ է, ինչ իր առանցքային դերն է զբաղեցնում Սպահան քաղաքի զբօսաշրջութեան ոլորտի զարգացման գործում եւ զբօսաշրջիկների հետաքրքրութեան կիզակէտում յայտնւելով, բազմաթիւ այցելուների է գրաւում սոյն քաղաք, յատկապէս Նոր Ջուղա կոչւող հիմնականում հայաբնակ քաղաքամաս:
Վանքի համալիրն իր գեղեցիկ ու իւրայատուկ ճարտարապետութեամբ, ինչու չէ նաեւ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու անզուգական որմնանկարչութիւններով, «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարանի եզակի նմուշներով ու Հայոց Ցեղասպանութեան տաղաւարով, Մեծ Եղեռնի յուշարձանով եւ վերջերս կանգնեցւած խաչքարով, մեծ ուշադրութեան է արժանացել իրանցի եւ օտարերկրացի այցելուների կողմից՝ լայն առիթ ընձեռելով թեմի ազգային իշխանութեանը՝ հայկական մշակոյթի, պատմութեան եւ հայոց պահանջատիրութեան ճանաչեցման շրջագծում իր աշխատանքներն իրագործելու ուղղութեամբ:
Վանքը եւ նրա զանազան բաժինները թուռ լիդերներին առաւել ծանօթացնելու եւ այս բնագաւառում նրանց գիտելիքների բազան հարստացնելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի նախաձեռնութեամբ ու կազմակերպութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, երկուշաբթի եւ երեքշաբթի՝ յուլիսի 3-ի ու 4-ի երեկոյեան, կազմակերպւեցին վերապատրաստման դասընթացներ:
Երկու օրերի ընթացքում բացման խօսքով հանդէս եկաւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Մանիա Ղուկասեանը, ընդգծելով յատկապէս՝ զբօսաշրջութեան ոլորտի զարգացման եւ զբօսաշրջիկ-տեղացի բնակիչ փոխ-յարաբերութեան կարեւորութիւնը, սոյն բնագաւառի լայն ազդեցութիւնը տնտեսութեան բարգաւաճման գործում: Դասարանները տեղի ունեցան Ս. Ա. վանքում. «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, վանքի պատմութեան, ճարտարապետութեան եւ որմնանկարչութիւնների թեմայի շուրջ դասախօսեց պատմութեան մասնագէտ Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարանում, թանգարանի պատմութեան եւ ցուցադրւած հնութիւնների մասին բացատրութիւններով ելոյթ ունեցաւ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան աշխատող, զբօսաշրջութեան ոլորտում մարկետինգի եւ պրոպականդի մասնագէտ Զոյեա Խաչատրեանը:
Մասնակիցների թիւը 250 հոգի էր, որոնք բաժանւել էին առանձին չորս խմբերի միջեւ. իւրաքանչիւր օր դասընթացներին մասնակցեցին երկուական խմբեր:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Սպահան նահանգի՝ զբօսաշրջութեան եւ թանգարանների խուրհուրդների տնօրինութիւնները, հայ թուռ լիդերներն ու աւիատոմսեր վաճառող եւ թուռ կազմակերպող ընկերութիւնների տնօրէնները: