Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի վեցերորդ դասարանի աշակերտ-ուհիների աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ յունիսի 21-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, նւիրւած լինելով հայոց բանակի կազմաւորման 25-ամեակին: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ դպրոցների ներկայացուցիչներ, ծնողներ ու հարազատներ:
Երեկոյի բացումը կատարւեց ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի խօսքով, որից յետոյ արտայայտւեց Կրթական խորհրդի փոխ-ատենապետ Սաթօ Աւետումեանը:
Տկն. Աւետումեանն շնորհաւորանքի խօսք ուղղելով շրջանաւարտներին ու ծնողներին եւ գնահատելով «Արմէն» դպրոցի պատասխանատուների կատարած ջանադիր աշխատանքը, նշեց՝ թեմի ազգային իշխանութիւնը յստակ քաղաքականութիւն եւ ծրագիր է մշակել դպրոցների կրթական ոլորտի ժամանակակից զարգացման ուղղութեամբ:
Նա իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով տարրական դպրոցների հիմնական նպատակներին, որոնցից են՝ աշակերտների հոգեմտաւոր եւ ֆիզիքական կարողութիւնների զարգացումը եւ միջնակարգ դպրոցում ուսումը շարունակելու համար անհրաժեշտ կրթամակարդակի ապահովումը, ընդգծեց, թէ հայկական վարժարաններում աշակերտութիւնը հայեցի դաստիարակութեան շրջագծում ծանօթանում են յատկապէս ազգային եւ քրիստոնէական արժէքներին: Տկն. Աւետումեանն իր խօսքի աւարտին շրջանաւարտներին յորդորեց՝ աշխատել ջանասիրաբար եւ լինել յաջողակ ու առաջնակարգ նախասիրած աշխատանքներում:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ «Արմէն» կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանը, ով իր խօսքում շեշտելով, որ աշակերտութեան թւի նւազման պատճառով, անհրաժեշտ է հայոց դպրոցների համար ունենալ հեռանկարային ամբողջական ծրագիր եւ որդեգրել ազդու գործելաոճ, կարեւորութեամբ ընդգծեց, թէ ազգային վարժարաններում կրթւած ու դաստիարակւած սերունդներում գոյութիւն ունեն այնպիսի անհատներ, որոնց գործունէութիւնն ու դերակատարութիւնը տարածւել են հայրենիքի ու Սփիւռքի տարբեր համայնքների կրթամշակութային կեանքում, ինչու չէ նաեւ հայ ժողովրդի պահանջատիրութեան հետապնդման աշխատանքներում: Տնօրէնն իր խօսքի աւարտին աշակերտներին յորդորելով, որ իրենց գիտելիքներն ու դաստիարակութիւնն անմնացորդ ծառայեցնել՝ ի խնդիր հայ ժողովրդի ու հայրենիքի երջանկութեան ու բարօրութեան, շնորհակալական խօսքեր ուղղեց՝ ազգային իշխանութեանը, դպրոցի անձնակազմին, երեկոյի կազմակերպիչներին եւ ծնողական խորհրդին:
Խօսքին յաջորդեց գեղարւեստական յայտագրով ծրագիրը՝ շրջանաւարտ աշակերտների կատարմամբ: Այս բաժնում, որն իրականացւեց Սիսիան Մարկոսեանի ու Արւին Դիլանչեանի հաղորդավարութեամբ, հնչեցին «Հայոց դպրոց», «Հայոց լեզու», «Ոչ չեն մեռնում հերոսները», «Ջան հայրենիք», «Քայլիր միշտ առաջ» եւ «ՆԺդեհիկների քայլերգը» խմբերգերը, Էմմանուէլ Ասատրեանը դաշնամուրով նւագեց «Քոչարի» երաժշտութիւնը, իսկ խմբական կատարմամբ իրականացւեց «Մարտական պար» պարային համարը՝ աւարտին ծածանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սրբազան դրօշները:
Գեղարւեստական ելոյթներն ընդմիջւեցին պաստառի վրայ ցուցադրւող լուսանկարներով, ուր արտացոլւած էր շրջանաւարտների 6-ամեայ ուսումնական տարիները:
Յաջորդիւ աւարտական զգեստներով դարձեալ բեմ ներկայացան աշակերտները: Ծրագրի այս հանգրւանում Վիվիանա Միրզայեանի եւ Արգին Մկրտչեանի միջոցով հնչեցին երդման կարգի յուզիչ տողերը, ապա գեղարւեստական բաժինը եզրափակւեց «Վերջին զանգ» եւ «Հրաժեշտ «Արմէն» դպրոցին» երգերի խմբական կատարմամբ, իսկ Անի Մինասեանի դաշնամուրի նւագակցութեամբ Թենի Ջարդն Դաւուդն ու Հանրի Հաթամեանը ասմունքեցին «Վերջին զանգը» բանաստեղծութիւնը: Այս բաժինը հաղորդավարեց Էմմանուէլ Մարկոսեանը:
Վկայականների եւ գնահատագրերի բաշխման բաժնում ձեռամբ թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի, ազգային մարմինների ներկայացուցիչների, դպրոցի տնօրինութեան՝ Լիոնթին Աբրահամեանի ու Վրէժ Շիրւանեանի եւ հայերէն ու պարսկերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների շրջանաւրատներին յանձնւեցին իրենց վկայականները, իսկ գերազանցիկներին՝ գնահատագրեր:
Ապա Սպահան քաղաքի 3-րդ շրջանի կրթադաստիարակչութեան հիմնարկի գնահատագրերը շնորհւեցին սոյն հիմնարկի կողմից կազմակերպւած միջոցառումներում եւ մրցոյթներում յաջողութիւն արձանագրած աշակերտներին: Այս շրջագծում գնահատագրեր յանձնւեցին նաեւ ուսուցչուհի Արսինէ Դաւթեանին՝ նշւած հիմնարկի կողմից օրինակելի ուսուցիչ ճանաչւելու, իսկ դպրոցի տնօրինութեանը՝ բարեգործական նպատակներով կամզակերպւած դաշտահանդէսի ամբողջ հասոյթը համապատասխան կենտրոնի նւիրելու առթիւ: Հարկ է նշել, որ դպրոցի տնօրինութեանը յանձնւեց նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան գնահատագիրը՝ «Իմ քաղցր լեզու» համահայկական աշակերտական մրցոյթին ակտիւ մասնակցութիւն ցուցաբերելու համար: Այս բաժնին զուգընթաց հանդիսատեսին ներկայացւեց աշակերտական յաջողութիւններից զեկոյց:
Երեկոյի եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը, ով իր խօսքում գնահատելով օրւայ պատգամներն ու աշակերտական ելոյթները, գնահատեց նաեւ դպրոցի անձնակազմի ու ծնողական խորհրդի կատարած աշխատանքները: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը շնորհաւորանքի խօսք ուղղեց շրջանաւարտներին ու զանազան ոլորտներում յաջողութիւն արձանագրած աշակերտներին, ապա անդրադառնալով երեկոյի ընթացքում հնչած «Ոչ չեն մեռնում հերոսները» երգին, վստահութիւն յայտնեց, որ այս շրջանաւարտները նոյնպէս ընդունակ են ապագայում իրականացնել զանազան հերոսութիւններ, եթէ նրանց նկատմամբ չպակասեն քաջալերանքն ու շարունակական հսկողութիւնը:
Վերջում ոգեշնչւած ու խանդավառւած աշակերտ-ուհիներն աւարտական գլխարկների վեր նետմամբ, հրաժեշտ տւեցին իրենց դպրոցական կեանքի այս հանգրւանին:
Ձեռնարկի կազմակերպիչ խմբի անդամներն էին՝ ուսուցչուհի Ժանետ Բաղումեանը, երգուսոյց Արսինէ Մարգարեանը եւ պարուսոյց Ալինէ Յարութիւնեանը՝ գլխաւորութեամբ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի: