Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5:30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Արարողութեանը ներկայ էին հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ համայնքի հաւատաւոր ժողովուրդը. ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Յընթացս ս. պատարագի, յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Հայր Սուրբը, ով անդրադառնալով Ս. Գրգիոր Լուսաւորչի կեանքին՝ հիմնականում ընդգծեց Խոր Վիրապում սրբի 13 տարիների կրած չարչարանքները եւ այնտեղից դուրս բերւելուց յետոյ նրա գործունէութիւնը՝ աղօթքներով հայոց Տրդատ թագաւորին եւ արքունիքին ախտերից ու հոգեկան տագնապներից բուժելու եւ քրիստոնէական հաւատքը տարածելու ուղղութեամբ: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքի տարբեր հանգրւանների յաջորդականութիւնը ապացուցում է, թէ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում աստւածային տնօրինութեամբ, յորդորեց՝ այս տօնը պատեհ առիթ համարելով, կեանքում արժանաւոր եւ կենտրոնական տեղ յատկացնել աստւածային հեռանկարին, որոշումներին ու նպատակակէտերին:
Յաջորդիւ տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորչի աջով ջրօրհնէքի արարողութիւնը՝ պատարագիչ Հայր Սուրբի ձեռամբ եւ հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ:
Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու շրջափակում, հոգեզմայլ շարականների ներքոյ, տեղի ունեցաւ աւանդական թափօրի արարողութիւնը, ուր հաւատացեալ ժողովուրդը մօտենալով գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին, համբուրեցին նրա ձեռքում գտնւող Գրիգոր Լուսաւորչի աջը՝ սրբի եւ Աստծու օրհնութիւնն ստանալու համար:
Սոյն տօնի առթիւ հայոց առաջին հայրապետի աջ-մասունքով թափօրի կազմելը, վերջին տարիներին հաստատւել է Սպահանի հայոց թեմում՝ Անթիլիասի Կաթողիկոսարանի Մայր Տաճարում իրականացւող նմանօրինակ հինաւուրց աւանդութեան համաձայն, ինչը մեծ հաւատք ու ընդունելութիւն է գտել թեմիս ժողովրդի մօտ:
Եկեղեցական արարողութեանը յաջորդեց ընդունելութիւնը եւ գեղարւեստական յայտագրով ծրագիրը: Սոյն բաժինը հանդիսավարեց Անուշ Յովհաննիսեանը, աղօթքների ընթերցմամբ եւ գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան Հրաչիկ Ղազարեանը, Սարգիս սրկ. Երանը, Վեհանուշ Խուդաբախշեանը եւ Արաքս Տէր-Մարտիրոսեանը, իսկ եկեղեցին բարեզարդ պահելու համար՝ գնահատւեցին Ն. Ջ. Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութիւնը, պատկան Տիկնանց յանձնախումբն ու երէցփոխներ՝ Արաքս Տէր-Մարտիրոսեանը եւ Ռուբէն Մկրտչեանը: Վերջում նոյնպէս շնորհակալական եւ գնահատանքի խօսքեր հնչեցին եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի կողմից: