Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսի (առաջնորդութեան ժամանակաշրջան՝ 1607-1622 թթ.) եւ Սպահանի հայոց թեմի վախճանեալ միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցւեց մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն: Կրօնական խորհուրդն իր այս գովելի գաղափարն իրականացրեց Խուդավերդեան ընտանիքի՝ ի մասնաւորի Յարութիւն, Շողեր, Արշալոյս եւ Ծաղկուշ Խուդավերդեանների նիւթական աջակցութեամբ:
Սոյն խաչքարի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ կիրակի՝ մայիսի 14-ի երեկոյեան ժամը 7:00-ին, որտեղ որպէս բացման խօսք հանդիսավար Թովմա Գալստանեանը մասնաւորապէս անդրադարձաւ պատմական Ջուղայի խաչքարերի առանձնայատկութիւններին ու ադրբեջանական վանդալիզմի հետեւանքով այդ ձեռակերտ կոթողների ոչնչացման դառը իրողութեանը:
Բացման խօսքից յետոյ, խաչքարը ծածկող կտաւը միասնաբար վեր առեցին թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Թաթուլ Օհանեանը, Վարուժ Մովսիսեանը եւ Վարուժ Մինասեանը, շրջանի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը եւ բարերար Արշալոյս Խուդավերդեանը, որից յետոյ նախագահութեամբ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի եւ մասնակցութեամբ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի տեղի ունեցաւ խաչքարի օրհնումը:
Շարունակութեան մէջ հանդիսատեսին ներկայացւեց խօսքերով ու գեղարւեստական կատարումներով յագեցած մի ծրագիր, ուր ելոյթների սկիզբը հանդիսացաւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի խօսքը, որից մի հատւած մէջբերում ենք.
«Մեր ժողովրդի սրբագոյն եւ պատմական արժէքներից՝ Հին Ջուղայի հազարաւոր խաչքարերը զերծ չմնացին ադրբեջանական վանդալիզմից. թշնամին չհանդուրժելով դրանց սրբութիւնն ու վկայութիւնը՝ վերջնականապէս բնաջնջեց հայկական խաչքարերը, սակայն այստեղ կանգնեցւած խաչքարը վկան դարձաւ հայի աննկուն կամքի շինարար ոգու: Ժամանակը մոռացնել է տալիս ամէն ինչ, բայց այս չքնաղ խաչքարը որպէս քարէ խօսուն վկայ ապացոյց է, յիշեցում, զգուշացում եւ կոչ»: Պրն. Մովսիսեանն իր արտայայտութիւններն աւարտեց շնորհակալական խօսքով՝ ուղղւած այս նախագծի իրականացման գործում համագործակցութիւն ցուցաբերած հաստատութիւններին ու անհատներին:
Ընթացքում ներկաների հետ իր յոյզերն ու մտքերը կիսեց Արշալոյս Խուդավերդեանը. հիմնականում գնահատելով ծրագրի նախաձեռնողներին եւ շնորհակալութիւն յայտնելով՝ խաչքարի պատրաստման համար իր ընտանիքի նիւթական աջակցութիւնն ընդունելու առթիւ:
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանն իր խօսքում նշեց, որ հայ Ժողովրդի նկատմամբ կիրառւած վանդալիզմի հեղինակներին անպատիժ թողնելը, տարածաշրջանում նորանոր Մշակութային ցեղասպանութիւնների իրագործման առիթ է հանդիսացել, ապա անդրադառնալով ԻՒՆԵՍԿՕ-ի նախագահութեան պաշտօնի համար իր թեկնածութիւնն առաջադրած Փուլադ Բիւլբիւլօղլիին, ով ժամանակին ղեկավարել է Նախիջեւանի հայկական խաչքարերի ոչնչացման գործողութիւնները, կոչ արեց սոյն կազմակերպութեան ողջախոհ անդամներին՝ դէմ քւէարկել յիշեալի թեկնածութեանը, ընդգծելով, որ ԻՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութիւնը ստանձնելու դէպքում, Բիւլբիւօղլինամէն գնով փորձելու է օրինականութիւն պարգեւել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այլ ազգերի պատմա-մշակութային արժէքների իւրացման եւ ոչնչացման գործողութիւններին եւ արգելք է հանդիսանալու տարածաշրջանում վանդալիզմի հեղինակներին պատասխանատւութեան ենթարկելու գործին:
Որպէս եզրափակիչ ելոյթ ներկաներին իր պատգամն ուղղեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով իր խօսքի սկզբնական բաժնում գնահատանքի խօսք ուղղեց Կրօնական խորհրդին եւ ծրագրի կենսագործման ուղղութեամբ համագործակցութիւն ցուցաբերած ազգային մարմիններին ու անհատներին: Այնուհետեւ նա անդրադառնալով խաչի եւ խաչքարերի կարեւոր նշանակութեանը հայ ժողովրդի կեանքում՝ որպէս զօրութեան ու մխիթարութեան, ինչու չէ նաեւ իմաստութեան եւ մտքի լուսաւորութեան աղբիւրներ, աղօթեց առ Բարձրեալն Աստծուն, որ սոյն խաչքարի պատւանդանը խորհրդանշականօրէն հայ ժողովրդի եւ ի մասնաւորի թեմիս զաւակների համար հանդիսանայ հաւատքի եւ աննկուն կամքի պատւանդան, որին հիմնւելով, ոչ միայն բարգաւաճի ու առաջադիմի մեր ազգը, այլեւ իր կորցրած կոթողների փոխարէն կերտի աւելի գեղեցիկ ու տիպար նմուշներ:
Ծրագրի ընթացքում Վանէ Օրոջեանը մեներգեց «Տուն իմ հայրենի»-ին, «Ոչ, մի նահանջէք մեր լաւ տղաներ» բանաստեղծութիւնն ասմունքեց Վանէ Յարութիւնեանը, իսկ «Յուշարձաններ» երգը կատարեց Վանանդ Իսաղուլեանը:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ սոյն կոթողը հայաստանաբնակ քանդակագործ Արտակ Համբարձումեանի ձեռքի աշխատանքն է: