Շուշիի ազատագրման 25-ամեակի առիթով, Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ մայիսի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ցուցադրւեց կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» գեղարւեստական ֆիլմը:
Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Վեհանուշ Խուդաբախշեանը՝ հիմնականում տեղեկութիւններ փոխանցելով ֆիլմի բովանդակութեան եւ ռեժիսորի գործունէութեան շուրջ: Այնուհետեւ արտայայտւեց նաեւ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը, ով անդրադառնալով ֆիլմի պատմութեանը, կարեւորութեամբ ընդգծեց, թէ փորձել է համամարդկային արժէքների ֆոնի ներքոյ ներկայացնել Արցախեան ազատամարտը:
Խօսքերին յաջորդեց «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրումը, որն արժանացաւ հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: