Ուրբաթ՝ 2017 թւականի ապրիլի 21-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը:

Օրւայ խորհրդին ներկայ էին Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, ազգային մարմինների, ենթամարմինների, միութիւնների եւ անձնակազմերի ներկայացուցիչները, տեղի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնն ու հոծ թւով հայորդիներ:

Հայ Համայնքի Վարչութեան անունից, համահաւաքը բացւած յայտարարեց հաղորդավար Վիոլետ Յարութիւնեանը: 

Բացման խօսքին յաջորդեց ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմոռաց յիշատակին:

Ազգային իշխանութեան անունից բանախօսական ելոյթ ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով ներկայացրեց հայոց ջարդի, տարագրութեան եւ կրած բարոյական, մարդկային եւ նիւթական կորուստների պատմականն ու տարագրութիւնը՝ 1892-1923 թթ.: Յարգելի բանախօսն անդրադառնալով Թուրքիոյ անցեալի եւ այժմեան փանթուրքիստական քաղաքականութեանը եւ գործունէութիւններին շեշտեց Թուրքիոյ պետութեան ազգայնամոլութեան ու հայատեաց անփոփոխ նկարագիրը:

Հայ համայնքի վարչութեան անունից օրւայ խօսքն ընթերցեց վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը, որտեղ անդրադառնալով 1892-1923 թթ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայ բնակչութեան զանգւածային տեղահանութեան, տարագրման եւ բնաջնջմանը ասւել էր. «Հայոց Ցեղասպանութեան գիտակցումն ու ոգեկոչումը կարեւոր է բոլորիս համար, որպէսզի նոր թափով, պայքարի նոր ուղիով քայլենք դէպի մեր  ոտնահարւած իրաւունքների վերականգման եւ նահատակների սուրբ կտակի իրականացման:» 

Այնուհետեւ ընթերցւեցին շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի, «Փերիոյ» կրթասիրաց, Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութիւնների եւ «Սրբոց Վարդանանց» ու «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտական խօսքերը:

Յաջորդիւ ազգային-հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով ելոյթ ունեցան շնորհալի երիտասարդներ Վանանդ Իսաղուլեանն ու Արութին Հախնազարեանը:

Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմահ յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին թեմիս հոգեւորականաց դասը՝ Կաթողիկոսական փոխանորդի գլխաւորութեամբ, ազգային իշխանութեան, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներն ու պատասխանատուները:

Ծաղկեմատոյցի արարողութիւնից յետոյ, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները երգուսոյց Նարբէ Տէր Գրիգորեանի ղեկավարութեամբ կատարեցին խմբերգեր եւ ծաղիկներ մատուցեցին՝ նահատակների յիշատակն ոգեկոչելու համար:

Օրւայ խորհրդի առիթով իր հայրական պատգամը փոխանցեց թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով համահաւաքի եւ օրւայ արարողութեան կազմակերպիչներին, ծրագրի իրականացմանը օժանդակողներին, պատասխանատուներին, բոլոր մասնակիցներին եւ ներկաներին, հաւաստիացրեց, որ անշուշտ այսպիսի միահամուռ, միասնական պահանջատիրական  ոգով տոգորւած է, որ պէտք է շարունակենք մեր երթը, մեր անվարան ուղին դէպի Հայկական հարցի եւ Հայ Դատի վերջնական եւ արդար լուծում:

Համահաւաքի աւարտին համայնքի անդամները ակնածանքով մօտենալով խաչքար-յուշարձանին ծաղիկներ մատուցեցին սուրբ նահատակների վառ յիշատակին:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան
Լուսանկարիչ՝ Սերինէ Աղախանեան