Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի տնօրինութեան եւ անձնակազմի նախաձեռնութեամբ, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում, մարտի 12-15-ը կազմակերպւեց լուսանկարչութեան մրցոյթ-ցուցահանդէս՝ «Սպահան՝ իմ գեղեցիկ քաղաք» խորագրով, ուր ցուցադրւել էին աշակերտուհիների լուսանկարները՝ Սպահան քաղաքի կոթողներից եւ արւեստից: Այս շրջագծում ցուցադրւել էին նաեւ Նոր Ջուղայի եկեղեցիներից նկարներ, որոնք տրամադրել էր Թովմա Գալստանեանը:
Միջոցառման պաշտօնական բացումը կատարւեց շաբաթ՝ մարտի 11-ի առաւօտեան, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի եւ թեմիս ազգային մարմինների ներկայացուցիչների, հայոց ազգ. դպրոցների տեսչութիւնների, կազմակերպիչ դպրոցի աշխատակազմի, ծնողական խորհրդի ու ծնողների եւ մի շարք այլ հրաւիրեալների:
Սկզբում ցուցահանդէսի խորհրդանշական ժապաւէնը միասնաբար հատեցին գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ու քաղաքի 3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի ներկայացուցիչ պրն. Սեփեանին, ապա բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի ուսուցչուհի եւ գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը՝ կարեւորութեամբ նշելով, թէ ցուցահանդէսի թեման մեծ ոգեւորութիւն է առաջացրել աշակերտութեան մօտ՝ նրանց խթանելով առաւել խորը հայեացքով եւ նոր դիտանկիւնից ընկալելու քաղաքի գեղեցկութիւնը:
Յաջորդիւ իրականացւեց աշակերտական ելոյթ, որտեղ հնչեցին դրւատանքի խօսքեր՝ հինաւուրց քաղաքի մասին եւ բացատրութիւններ տրւեցին Սպահանի կոթողային շինութիւնների, արւեստի ու շինարարական կառոյցի շուրջ. այս բաժինն համեմւեց խմբական երգերի շարանով:
Աշակերտական ելոյթից յետոյ արտայայտւեց դպրոցի տեսչուհի տկն. Սալառիֆառը, ով ողջունելով ներկաներին, խօսեց Սպահան քաղաքում ծնունդ առած արւեստների մասին: Նա իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով քաղաքի աւելի քան 400 տարի անցեալ ունեցող հայ համայնքին՝ կարեւորութեամբ ընդգծեց տեղի հայ բնակչութեան առանցքային դերակատարութիւնը՝ Սպահանի տնտեսութեան եւ մշակոյթի զարգացման գործում, ինչու չէ նաեւ շնորհաշատ հայ կանանց վարպետութիւնը ձեռարւեստի զանազան ոլորտներում:
Արտայայտւեց նաեւ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, որը մատնանշելով Սպահան քաղաքի հարուստ մշակոյթը եւ գեղեցիկ բնութիւնը, նման հիասքանչ քաղաքում բնակւելը մեծ բախտաւորութիւն համարեց բոլորի՝ ի մասնաւորի հայ համայնքի համար: Հայր Սուրբը դրւատանքի խօսք արտասանեց քաղաքի անզուգական գեղեցկութեան կապակցութեամբ՝ շեշտելով, որ Սպահանն իրօք վաստակել է իր «Նեսֆէ-ջահան» կոչումը: Կաթողիկոսական փոխանորդն իր խօսքն աւարտեց խոստովանելով, որ իր համոզմամբ Սպահանի գեղեցկութեան կիզակէտում է յայտնւած Նոր Ջուղան:
Վերջում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, դպրոցի անունից յուշանւէրներ շնորհւեցին լուսանկարիչ պրն. Արաբին՝ աշակերտուհիներին լուսանկարչական մասնագիտական հիմունքներն ուսուցանելու, Թովմա Գալստանեանին՝ Նոր Ջուղայի եկեղեցիներից նկարներ տրամադրելու, իսկ Ժանետ Սիմոնեանին՝ ցուցահանդէսի կազմակերպման գործում ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար:
Ցուցահանդէսի աշխատանքային օրերի ընթացքում բազմաթիւ արւեստասէր անհատներ առիթ ունեցան դիտելու լուսնակարները, որոնցում ոչ միայն արտացոլւած էր քաղաքի գեղեցկութիւնը, այլեւ այն մեծ սէրը, որը երիտասարդ լուսանկարիչները տածում են իրենց ծննդավայր քաղաքի նկատմամբ:
Ցուցահանդէսի աւարտին պրն. Արաբի միջոցով լաւագոյնները ճանաչւեցին՝ Լիլիթ Հայրապետեանի, Սելին Մկրտչեանի, Ռենիա Մինասեանի, Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանի, Անի Սիմոնեանի, Լիլիթ Գէորգեանի, Արփա Մարգարեանի, Լուսիա Մատթէոսեանի, Յասմիկ Տէր-Մարտիրոսեանի եւ Արփինէ Մովսիսեանի լուսանկարները: