Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միութեան Երէցների եւ Մշակութային միաւորների, կիրակի՝ փետրւարի 26-ի երեկոյեան, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը:
Ներկաներին ողջունեցին օրւայ հանդիսավարուհիներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանը եւ Վանա Շիրւանեանը, ապա անդրադարձան Բարեկենդան տօնի ծագմանը եւ պատկան ծէսերին ու աւանդոյթներին: Յաջորդիւ դիմակահանդէս մրցոյթին մասնակցող անձինք հրաւիրւեցին եւ զբաղեցրին շքեղ բեմահարթակի շուրջ նախատեսւած նստարանները, որտեղից հերթաբար բեմ ելան աւելի քան 80 մասնակիցներ եւ ցուցադրեցին հետաքրքիր մտայղացումներով պատրաստւած տարազներ ու կերպարներ: Բեմահարթակի յարդարումը եւ տարազների ներկայացման բաժինը իրականացւեց Մշակութային միաւորի միջոցով: Ներկայացւած տարազները եւ կերպարները իրաւարար կազմի գնահատմամբ, ըստ կերպարի մտայղացման, ճաշակի եւ տարած աշխատանքի ստացան գնահատականներ: Գնահատականների ամփոփումից յետոյ ամենից շատ միաւոր հաւաքած տարազները յայտարարւեցին որպէս լաւագոյններ եւ պարգեւատրւեցին: Ոչ մրցութային բաժնում հանդէս եկան նաեւ մեծ թւով տարազաւորներ, այդ թւում մեծ ուշադրութիւն գրաւեց աշխարհի ստեղծման եօթ օրերը ներկայացնող կերպարների խումբը:
Հանդիսութեան ընթացքում բազմահարիւր ներկաներ վայելեցին Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշատեսակները, աղանձը, քաղցրաւենիքները եւ այլ ուտեստները:
Նշելի է, որ միաւորը կազմակերպել էր նաեւ դիմակների վաճառք, ինչպէս նաեւ նախատեսւել էր դիմայարդարման կրպակ, համագործակցութեամբ Մառիետ Աբէլեանի եւ Անաշիա Մելիքեանի: Նախատեսւել էր նաեւ Յովհաննէս Թումանեանի «Բարեկենդան» հեքիաթի կերպարներով զարդարւած տաղաւար՝ լուսանկարւելու համար :
Իրաւարար կազմը ներկայացնում էր Ալենուշ Մարտոյեանը, Վիոլետ Թորոսեանը, Հերմինէ Վարդանեանը եւ Էլենա Փուլադեանը: