Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութիւնը, ուրբաթ՝ փետրւարի 24-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ հանդիպում ունեցաւ ուսումնական ընթացիկ տարեշրջանում բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ մուտք գործած ուսանողների հետ:
Ողջոյնի խօսքից յետոյ, միաւորի վարչութեան փոխնախագահ՝ Անի Ղարախանեանը ներկայացրեց միաւորի արխիւային տւեալների հիման վրայ պատրաստւած մի ցուցանմուշ, որով ներկայացւում էր վերջին տարիներում տարբեր մակարդակներում պետական եւ ազատ համալսարաններ մուտք գործած երիտասարդ-ուհիների թւային պատկերը: Յաջորդիւ լուսանկարների ցուցադրման զուգահեռ ներկայացրեց միաւորի ծաւալած գործունէութիւնից համառօտ զեկոյց, նաեւ միաւորի ապագայ ծրագրերը՝ առաջարկելով նրանց մասնակցութիւնը միաւորի աշխատանքներում:
Յաջորդ բաժնում երիտասարդ գիւտարար՝ Ռուբէն Մինասեանը, ով զբաղեցնում է նաեւ միաւորի վարչութեան նախագահի հանգամանքը, հանդէս եկաւ համացանցից մասնագիտական ճշգրիտ եւ գիտական արժէք ունեցող նիւթերի որոնման, անվճար ներբեռման եւ որեւէ գիւտի գրանցման մասին բացատրութիւններով եւ խորհուրդ տւեց իւրացնել համակարգչային ծրագրերը, ուսումնասիրել նախասիրութիւնները, աշխատել ստեղծել նորը եւ այն գրանցել: Նա միաւորի վարչութեան եւ անդամների անունից պատրաստակամութիւն յայտնեց՝ նորամուտ ուսանողներին աջակցութիւն եւ համագործակցութիւն ցուցաբերելու:
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը եւս իր հերթին արտայայտւեց շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների խօսքերով՝ ուղղւած ուսանողներին եւ նրանց ընտանիքներին, յաջողութիւն մաղթելով ուսման եւ կեանքի բոլոր ասպարէզներում: Պրն. Մինասեանը նշեց, որ Ուսանողական միաւորը միութեան այն կարեւոր հատւածն է, որտեղ միաւորւում եւ համախմբւում են ուսանողները, եւ հնարաւոր է դառնում միմեանց հետ հաղորդւելով, աշխատանքների շրջանակում գիտելիքներ փոխանցել: Վերջում նա յոյս յայտնեց, որ նորամուտ ուսանողները մասնակից կը դառնան միաւորի աշխատանքներին:
Հանդիպման աւարտին նորամուտ ուսանողներին յանձնւեց գնահատագրեր:
Երեկոն աւարտւեց միասնական լուսանկարւելով եւ համեստ ընդունելութեամբ: