Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի՝ փետրւարի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպրաց դասերի: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:
Արարողութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչներ, «Արմէն» տարրական կրթահամալիրի 5-րդ ու 6-րդ դասարանների եւ «Քանանեան» աղջ. ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու հաւատացեալ ժողովուրդ:
Յընթացս արարողութեան պատարագիչ քահանայ հայրը հանդէս եկաւ օրւան պատշաճ իր քարոզով: Նա նշելով, որ մարդ արարածը դժւարութիւններին դիմակայում է իր հոգու զօրութեամբ, որն առաջանում է միայն հաւատի շնորհիւ, անդրադարձ ունեցաւ Աւարայրի ճակատամարտում անհնարինը հնարաւոր դարձնելու վճռակամութեամբ թշնամու դէմ ելած հայորդիներին ու նրանց զոհաբերութեան ոգուն: Նա ընդգծելով, որ Արցախեան յաղթանակը շարունակութիւնն էր Վարդանանց հերոսամարտում տարած յաղթանակի, աւելացրեց, թէ Արցախեան պատերազմի ազատամարտիկները, Վարդանանց հերոսների հաւատից ներշնչւած, կարողացան յաղթել թշնամու հսկայական բանակին եւ ազատագրել հայրենիքի այս թանկագին բեկորը: Այնուհետեւ քահանայ հայրը դիմելով ներկայ աշակերտներին՝ յորդորեց նրանց՝ սիրել դպրոցն ու ուսուցիչներին, սովորել եւ ուսումնասիրել աշխարհի զանազան գիտութիւններն ու ամուր կանգնել հաւատի ճամբին:
Վերջում ս. հաղորդութիւն ստացան հայոց դպրոցների աշակերտութիւնն ու ներկաները: