Երեքշաբթի՝ փետրւարի 21-ին, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնին, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում: Պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Ներկայ էին Սպահանի հայոց թեմի քահանայից ու դպրաց դասերը, ովքեր զգեստաւորւած մասնակցում էին արարողութեանը: Թափօրի պահին բոլոր հոգեւորականները վառ մոմեր բռնած դարձան հաւատացեալ ներկաների մէջ եւ օրհնութիւն փոխանցեցին նրանց:
Պատարագիչ Հայր Սուրբը, օրւայ առթիւ իր քարոզի ընթացքում, բնաբան ունենալով կորնթացիներին գրած Պօղոս առաքեալի առաջին նամակի՝ «Պարծենալու բան չունեմ, երբ Աւետարանն եմ քարոզում, որովհետեւ պարտաւոր եմ այդ անել, եւ վա՜յ ինձ, եթէ չքարոզեմ» (9.16) հատւածը անդրադարձաւ Ղեւոնդեանց քահանաների վարքին ու հաւատի պաշտպանութեան ճանապարհին նրանց զոհագործմանը եւ շեշտեց, որ նրանք այդ ամէնը արժանաւորութեամբ ի կատար ածեցին՝ աղօթքին նւիրւելով եւ դրանից հոգեւոր սնունդ ու զօրութիւն ստանալով: Գերպ. Հայր Սուրբը շնորհաւորելով քահանաներին իրենց տօնի առիթով, յորդորեց բոլոր ներկաներին՝ աշխարհական թէ հոգեւորական, միմեանց համար աղօթել եւ այդպիսով զօրանալ:
Ս. Պատարագի աւարտին հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց՝ ընդհանրապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ մասնաւորապէս Ս. Յովհաննու եկեղեցում ծառայած բոլոր ննջեցեալ հոգեւոր հայրերի հոգիների խաղաղութեան համար:
Արարողութիւնից յետոյ ներկայ հաւատացեալները Ս. Խորանի առջեւ կանգնած հոգեւորականաց դասին մօտենալով, իրենց շնորհաւորանքն ու բարեմաղթանքները փոխանցեցին նրանց:
Յաջորդիւ, եկեղեցու սրահում, Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ գեղարւեստական կոկիկ յայտագրով միջոցառում եւ հիւրասիրութիւն: Ծրագրի հաղորդավարութիւնը կատարեց եկեղեցու երէցփոխուհի Մառիթա Կարապետեանը: Հերթաբար ասմունքեցին եւ մեներգեցին՝ Հերմինէ Բաբայեանը, Քարմէն Եարիջանեանը, Ռիթա Մկրտչեանը եւ Սամսոն սրկ. Զարգարեանը: Շնորհաւորանքներ եւ խօսքեր փոխանցեցին՝ Ս. Յովհաննու եկեղեցու կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» երգչախմբի անունից՝ նոյն երգչախմբի ղեկավար Անուշիկ Յովհաննիսեանը, Եկեղեցեաց վարչութեան անունից՝ Լիդա Սիմոնեանը, Կրօնական խորհրդի կողմից՝ խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Յանուն Հոգեւորականաց դասի շնորհակալական խօսք արտասանեց արժն. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ ծրագրի եզրափակիչ բաժինն եղաւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի խրատական եւ իմաստալից արտայայտութիւնները: