Երկուշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը:
Իւրաքանչիւր եկեղեցում յաւուր պատշաճի քարոզեց ծխատէր քահանայ հայրը՝ անդրադառնալով Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայմանն ու տօնի խորհրդին, ապա եկեղեցական կարգի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայման արարողութիւնը, իսկ եկեղեցու բակում՝ թաղի քահանայ հօր եւ նորապսակների միջոցով, բոցավառւեց աւանդական խարոյկը:
Նոյն օրը երեկոյեան, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրականացւեցին աւանդոյթ դարձած միջոցառումները, ուր սկզբում խարոյկը բոցավառւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ նորապսակ զոյգերի միջոցով, ապա միութեան սրահում գերպ. Հայր Սուրբը եւ ազգային մարմինների ու հոգեւորականաց դասի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների հետ:
Հիւրերին բարի գալստեան խօսք յայտնեց հանդիսավար Մանիա Ղուկասեանը:
Այնուհետեւ ողջոյնի խօսքով ու բարեմաղթանքներով հանդէս եկան Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան փոխ-ատենապետ Հենրիկ Յակոբեանն ու Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը:
Աւանդոյթի համաձայն նորածիններն ու իրենց ծնողները, ինչու չէ նաեւ նորապսակ զոյգերը առանձնաբար լուսանկարւեցին Հայր Սուրբի եւ ազգայինների հետ, ապա իւրաքանչիւր խումբ հատեց իր համար նախատեսւած տորթը:
Շարունակութեան մէջ գեղեցիկ ու յուզիչ արտայայտութիւններով ելոյթ ունեցան նորապսակներից եւ նորածինների ծնողներից, որից յետոյ Հայր Սուրբի եւ Պատգ. ժողովի Դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան փոխ-ատենապետ Հենրիկ Յակոբեանի միջոցով նորածիններին նւիրւեցին ոսկէ խաչեր, իսկ նորապսակներին՝ դրամական նւէրներ:
Վերջում Գերպ. Հայր Սուրբը փոխանցեց իր օրհնանքը: Նա ողջունելով բոլորի ներկայութիւնը, իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ որպէս հարազատ եւ եղբայր շրջապատւած է նորակազմ հայ ընտանիքներով ու ընտանիքի սրբութեան արդիւնքը հանդիսացող հրաշք նորածիններով: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշեց, թէ նորապսակները Տիրոջն ընդառաջ են գնում եւ Տէրը նրանց տունը լուսաւորում է՝ հրաշք բալիկներ շնորհելով:
Հայր Սուրբը գնահատեց ազգային մարմիններին, ի մասնաւորի Կրօնական խորհրդին եւ Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը՝ միջոցառումը կազմակերպելու համար, ապա գնահատեց նաեւ Տեառնընդառաջի տօնի առթիւ ձեւաւորւած գեղեցիկ աւանդոյթը, որտեղ ազգային մարմինների ներկայացուցիչները, նորապսակներն ու նորածինները որպէս մէկ ընտանիք հաւաքւում եւ վայելում են ընտանեկան մթնոլորտը:
Թղթակից՝ Նոր Ջուղա