Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով, ուրբաթ՝ թւականիս յունւարի 27-ի ժամը 19:30-ին նոյն միութեան դահլիճում բեմականացւեց «Ֆաջր» թատերական 35-րդ միջազգային փառատօնի շրջանակներում ներկայացւած «Սար» թատերգութիւնը:
Ներկայացման դրամատուրգ, բեմադրիչ եւ դերասան Միհրան Թորոսեանը իւրովի մօտեցումով՝ մեկնաբանեց Հայ ժողովրդի կազմաւորումը եւ նրա ապրած կեանքի վերիվայրումները, ապա իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնն ու նրա հետեւանքով սփիւռքի ձեւաւորումը: Ներկայացումը շարունակւեց հայոց պատմութեան հետագայ զարգացումներով եւ շեշտը դրւեց միասնութեան գաղափարի վրայ, ինչը աւարտւեց վերածնունդը ներկայացնող խորհրդանիշով եւ հայ ժողովրդի յաւերժութեան եւ լուսաւոր ու պայծառ ապագայ ունենալու պատգամով:
Այդ բոլորը սիմւոլիկ կերպով կատարւեց «Սրբազան լեռան» լեզւով, առանց բառերի, լուռ ու անխօս, սակայն նոյն լռութեան մէջ հզօր եւ խօսուն հոգեվիճակով եւ երաժշտական հետաքրքիր լուծումներով փոխանցւեց ներկայացման հիմքում ընկած պատգամը եւ յաջողւեց հանդիսատեսին ներքաշել պատմութեան մէջ, ապրել այդ բոլորը եւ հմայւել ներկայացման բարձր կատարողականութեամբ:
Յուզիչ եւ խոր տպաւորութիւն թողած ներկայացման աւարտին, հանդիսատեսին ողջունեց միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Մանիա Ղուկասեանը, ով ներկայացրեց «Ոտաբիբիկների խումբ»անւան թատերախմբի գեղարւեստական ղեկավար՝ Միհրան Թորոսեանին եւ նրան ընկերակցող երաժշտական ձեւաւորող եւ համադրող «Ուստա Սարոյին» ու նրա միւս ընկերներին եւ անդրադարձաւ Իրան ժամանելու խմբի առաքելութեանը: Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմի Պատգ. Ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետների եւ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ յուշանւէր յանձնւեց թատերախմբի անձնակազմին:
Մ. Թորոսեանի առաջարկով տեղի ունեցաւ զրոյց հանդիսատեսի հետ: Այս բաժնում նախ Միհրանը հակիրճ կերպով տեղեկութիւններ փոխանցեց թատերախմբի եւ նրա գործունէութեան եւ Պոլսի հայկական համայնքի ու կառոյցների մասին, այնուհետեւ ներկաներից իրենց տեսակէտը յայտնեցին բեմադրութեան մասին եւ հարցումներ ուղղեցին հայ-թրքական յարաբերութիւնների շուրջ, որոնց պատասխանեցին բեմադրիչն ու նրան ընկերակցող խմբի անդամները:
Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր Հայր Անանիա ծ. Վրդ. Գուճանեանին,ով Սպահանի Հայոց թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ողջունեց խմբի ներկայութիւնը եւ իր ուրախութիւնը յայտնեց գեղեցիկ, բարդ եւ միաժամանակ դիւրըմբռնելի ներկայացման համար եւ ասաց, որ մեր՝ Սպահանի Հայոց թեմի զաւակների սրտում եւ կեանքում միշտ տեղ է ունեցել Հայոց ցեղասպանութիւնն ու «Արարատ» լեռը. Մենք նրանցով ապրել, շնչել եւ թրծւել ենք եւ դրա պատճառով էր, որ այն ինչ ներկայացւեց, մեզ համար դիւրին եղաւ ըմբռնել, հասկանալ եւ ապրել այդ բոլորը: Հայր Սուրբը նաեւ իր շնորհակալութիւններն ու երախտագիտութիւնը յայտնեց ներկայացմանը մասնակից արւեստագէտ երիտասարդներին, ովքեր իրենց ուսերի վրայ վերցնելով ամէն տեսակ վտանգ պայքարում են անխօս ներկայացման միջոցով եւ ասաց. «Մենք գլուխ են խոնարհում Ձեր առջեւ եւ վստահ եղէք, որ մեր թեմի ազգային իշխանութիւնը, մեր համայնքը եւ մեր ժողովուրդը միշտ լինելու է Ձեր կողքին:»
ՆորՋուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
Թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ հեղինակի