Աղբիւր՝ www.alikonline.ir

«Պլասկօ» շէնքի աղէտը չէր կարող չանդրադառնալ նաեւ իրանահայութեան վրայ: Որպէս հասարակութեան մի մասնիկը, իրանահայերը եւս ամէն վայրկեան տագնապեցին, վշտացան, աղօթեցին... եւ հերոս հրշէջները նոյնպէս դարձան նրանց հարազատները, զաւակները ու եղբայրները: 

Իսկ աղէտին հետեւած առաջին օրերին քչերը գիտէին, որ դէպքին յաջորդած առաջին իսկ ժամերից փրկարարական աշխատանքներին մասնակցել է նաեւ իրանահայ մի պատանի: 

Այսօր մեր զրուցակիցն է Հայբերդ Աւանէսեանը, ով այս օրերին իր անվերապահ աջակցութիւնն է ցուցաբերել «Պլասկօ»-ի աղէտի տարածքում աշխատող հրշէջ ծառայութեան աշխատակիցներին: Հայբերդն այժմ հրշէջ ծառայութեան սաներից է, «Ալիք առցանց»-ը բացառիկ հարցազրոյց է ունեցել նրա հետ, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:

- Ներկայացրու քեզ:

- Ես Հայբերդ Աւանէսեանն եմ 16 տարեկան: Սովորում եմ «Մարիամ» դպրոցում: Արդէն մէկ տարի է, ինչ անդամակցում եմ հրշէջ ծառայութեան:

- Ինչո՞ւ ես անդամակցել հրշէջ ծառայութեան եւ ի՞նչ աշխատանքներ ես տանում այնտեղ:

- Ես մանկուց սիրել եմ այս աշխատանքը, միշտ երազել եմ հրշէջ դառնալու մասին: Այնտեղ մենք երկու տեսակ աշխատանքներ ենք կատարում՝ կրակի մարման եւ փրկարարական աշխատանքներ:

- Մասնակցել ես արդեօ՞ք «Պլասկօ»-ի դէպքի փրկարարական աշխատանքներին:

- Այո, լուրը ստանալուն պէս օգնութեան մեկնեցի:

- Ինչպէ՞ս տեղեկացար աղէտի մասին:

- Մենք այդ պահին, հրշէջ ծառայութեան կազմակերպած մարզչական քննութիւնն էիք յանձնում, մարզիչը դասարան եկաւ եւ յայտարեց որ պէտք է դէպքի վայր գնանք, որից յետոյ մեկնեցինք կայարան եւ տրամադրեցինք համապատասխան հագուստներ, այնուհետեւ մարզչի ուղեկցութեամբ մեկնեցինք դէպքի վայր:

- Որո՞նք են եղել քո պատասխանատւութիւնները աղէտի ընթացքում:

- Ես այդ պահին կատարում էի տարբեր աշխատանքներ: Ծառայութեան մեքենաներին էի ուղեկցում, մասնակցում էի կրակի մարման աշխատանքներին եւ այլ միջոցներով փորձում էի օգնել աշխատանքի սահուն ընթացքին:

- Ինչպիսի՞ իրավիճակ էր տիրում այնտեղ:

- Իրավիճակը անկառավարելի էր: Հարիւրաւոր հրշէջներ պայքարում էին կրակի դէմ, բազմութեան հոսքը խանգարում էր փրկարարական աշխատանքներին: Ժողովուրդը չէր ենթարկւում ոստիկանութեան եւ հրշէջ ծառայութեան հրամաններին:

- Որո՞նք են քո նպատակները այս մասնագիտութեան կապակցութեամբ:

- Մարդկութեանն օգտակար հանդիսանալը եղել է իմ հիմնական նպատակը:

- Շարունակելու՞ ես արդեօք քո սկսած ուղին:

- Միանշանակ այո, ես նպատակ ունեմ բարձրագոյն կրթութիւն ստանալ հրշէջ ծառայութեան համալսարանում:

- Անդամակցու՞մ ես որեւէ միութեանը:

- Այո ես սիրում եմ համայնքային ակտիւ կեանքը, այդ իսկ պատճառով էլ անդամակցում եմ Հ. Մ. Արարատ կազմակերպութեան սկաուտական միութեանը:

- Որպէ՞ս իրանահայ պատանի ինչ խորհուրդներ կը տաս քո հասակակիցներին:

- Քանի որ մեզանից ոչ մէկը ապահովւած չէ դժբախտ պատահարներից եւ աղէտներից, իսկ արտակարգ իրավիճակներում գործելու համար բաւարար չէ միայն օգնութեան հասնելու բարի կամքը, ինչով, համոզւած եմ օժտւած կը լինեն շատերը, պէտք է ունենալ նաեւ համապատասխան գիտելիքներ։ Իմ խորհուրդը բոլորին այն է որ իւրացնեն առաջին օգնութեան գիտելիքները, ինչը կօգնի արտակարգ իրավիճակներում ճիշտ քայլեր ձեռնարկել:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ