2016 թւականի դեկտեմբերի 22-ին, Սպահան քաղաքի երրորդ շրջանի Կրթադաստիարակչութեան տնօրէն պրն. Դաղիղը իր գործակիցներով այցելեց ազգային առաջնորդարան եւ Թեմի կաթողիկոսական փոխանորդին եւ հանդիպմանը ներկայ Թեմական ու Կրթական խորհուրդների անդամներին իր շնորհաւորանքները փոխանցեց Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ:
Շնորհաւորանքների կողքին, զրոյցի առարկայ դարձաւ նաեւ հայոց դպրոցներին առնչւող մի շարք հարցեր:
2017 թւականի յունւարի 7-ի առաւօտեան, Սպահան քաղաքի ընդհանուր եւ 5-րդ շրջանի քաղաքապետեր դկտր. Ջամալինեժադը եւ պրն. Ֆառհանգը, իրենց տեղակալներով ու օգնականներով այցելեցին Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբին եւ ազգային մարմինների պատասխանատուներին՝ փոխանցելու Ամանորի առթիւ իրենց շնորհաւորանքները: Պրն. Ջամալինեժադը, սովորութեան համաձայն, յուշանւէրներ յանձնեց հիւրընկալող պատւիրակութեան անդամներին:
Հանդիպման ընթացքում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը յատուկ կերպով շնորհակալութիւն յայտնեց քաղաքապետերին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ Ս. Ամենափրկչեան վանքի տարածքն ու արտաքին շրջապատը գեղեցկօրէն զարդարելու համար:
2017 թւականի յունւարի 8-ի առաւօտեան, Ամանորի եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով Ս. Ամենափրկչեան Վանք ներկայացաւ Սպահանի նահանգապետ դկտր. Ռասուլ Զառգառփուռը՝ ընկերակցութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէն եւ Միաստւածեան կրօնների գրասենեակի պատասխանատու հոջ. դկտր. Հաբիբ-Ռեզա Առզանիի, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ֆառհանգի, նահանգի Բարեկեցութեան հիմնարկի գլխաւոր տնօրէն դկտր. Սաիդ Սադեղիի եւ մի շարք գործակիցների:
Ազգային իշխանութեան անունից շնորհակալական խօսք ասւեց պրն. նահանգապետին՝ ապահովական ուժերի գործակցութեամբ Կաղանդի օրերին առաջնորդարանի շրջափակի ապահովութեան ուղղութեամբ պարտն ու պատշաճը տնօրինելու համար:
2017 թւականի յունւարի 8-ի միջօրէին, շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով Ս. Ա. Վանք այցելեց «Մելլաթ» դրամատան Սպահան նահանգի մասնաճիւղերի ընդհանուր տնօրէն պրն. Հաթիմը, իր հետ ունենալով դրամատան երկու այլ պատասխանատուների եւ «Խաղանի» մասնաճիւղի տնօրէնին:
Վերոյիշեալ բոլոր հանդիպումների ընթացքում ազգային առաջնորդարանի կողմից ամանորեայ նւէրներ յանձնւեցին հիւրերին: