Հինգշաբթի՝ յունարի 5-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի հայոց եկեղեցիներում զանգերի ղօղանջով սկսւեց ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագի արարողութիւնը:
Այս հանդիսաւոր առիթի նշման ուղղութեամբ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ, ուր պատարագիչ հայրերը եկեղեցական արարողութեան ընդմիջից աւետեցին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի ս. Ծննդեան լուրը:
Ս. Յովհաննու եկեղեցու ս. պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Պատարագը մատուցւեց արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի, իսկ երգեցողութիւնը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով:
Յընթացս ս. եւ անմահ պատարագի, Հայր Սուրբն ընթերցեց ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Բեթղեհէմի ճամբով դառնանք Աստծուն» խորագրով պատգամը, ուր շնորհազարդ Հայրապետն կարեւորութեամբ ընդգծելով ներկայ աշխարհում առկայ մի շարք երեւոյթներ, որոնք մեզ շեղում ու հեռացնում են ճշմարիտ լոյսի աղբիւր, աստւածայայտնութեան սրբավայր եւ աստւածակենտրոն արժէքների գանձարան՝ Բեթղեհէմից, շեշտել էր. «Զգոյշ… առաջին քրիստոնեայ ժողովուրդ: Դարեր շարունակ Բեթղեհէմի խորհրդով քո կեանքը շաղախած, Բեթղեհէմի պատգամը կեանքիդ իմաստը, ճանապարհն ու նպատակը դարձրած ժողովուրդ հայոց, ներկայ փոթորկալից աշխարհում դարձիր Բեթղեհէմին եւ նրանից ճառագայթող լոյսով լուսաւորիր, հաւատքով թրծիր ու յոյսով շաղախիր կեանքդ ու գործդ»:
Վերջում հաւատացեալները լսելով Քրիստոսի ս. Ծնունդը հռչակող շարականի «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» աւետաբեր բառերը՝ շտապեցին Փրկչի ծննդեան տօնը նշելու իրենց հարազատների հետ:
Յաջորդ օրը՝ ուրբաթ, յունւարի 6-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ս. Ծննդեան տօնի պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ, Ս. Յովհաննու, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում: Ս. Բեթղեհէմ եկեղեցու պատարագը մատուցւեց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի ձեռամբ, որին սպասարկում էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Երգեցողութիւնը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով:
Քարոզի պահին, բազմաթիւ հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Հայր Սուրբը: Նա իր խօսքում անդրադառնալով Փրկչի ծնունդին եւ տօնի խորհրդին՝ ասաց. «Այսօր Յիսուս Քրիստոսի Ծննդեան տօնն է, ուստի եկէք մեր անձերը ինքնաքննութեան հայելիների դիմաց կանգնեցնենք եւ ուշադրութեամբ դիտենք ու զննենք մեր ներաշխարհը: Փորձենք Կաղանդի կամ Նոր տարւայ առթիւ մենք եւս նորոգւել, կատարելով հետեւեալ պարտականութիւնները, որպէս քրիստոնեաներ: Նախ ողորմութիւն փորձենք բաշխել մեր չորս դին, որպէսզի մեր եղբայրներին եւ քոյրերին տալիք մաքուր ու բարի սրտից բխած մեր նւէրները հասնեն ծնեալ Փրկչին: Երկրորդ, փորձենք մաքրել մեր անձերն ու մեր ներաշխարհը ամէն տեսակի արատներից ու մեղքերից: Երրորդ, փորձենք ապրել մի աստւածահաճոյ կեանք՝ լեցուն բարեգործութիւններով: Իսկ վերջինը, որ կարեւորագոյնն է, զօրացնենք մեր հաւատքը, որպէսզի հաւատքի միջոցով կարողանանք անդամագրւել եւ հարազատները դառնալ Աբրահամով սկսած, Իսահակով բաժանւած եւ Դաւիթով զօրացած մեր Տիրոջ ու Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շառաւիղին, եւ արժանանաք Երկնքի Արքայութեանն ու Ամենասուրբ Երրորդութեան օրհնութեանն ու շնորհքներին»:
Հայր Սուրբի Ծննդեան տօնի պատգամն ընթերցւեց նաեւ միւս եկեղեցիներում՝ պատարագիչ քահանայ հայրերի միջոցով:
Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի հոգեպարար արարողութիւնը, որտեղ աղօթքների եւ շարականների հնչիւնների ներքոյ գերպ. Հայր Սուրբի ձեռամբ Ս. Միւռոնի հեղումով օրհնւեց եւ սրբագործւեց ջուրը: Միւռոնալից ջուրը բաժանւեց հաւատացեալներին, ովքեր որպէս աստւածային պարգեւ այն ըմպեցին եւ տուն տարան՝ Ս. Հոգու շնորհներով ողողելու իրենց բնակարանները:
Նոյն օրը, կէսօրից յետոյ, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, իսկ թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու քահանայից ու դպրաց դասերի մասնակցութեամբ, երեկոյեան ժամը 5:30-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, որից յետոյ, առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբն ընդունեց ս. Ծննդեան տօնի առթիւ շնորահաւորանքները:
Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ: