Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի  վարչութեան հովանաւորութեամբ եւ Մարզական միաւորի նախաձեռնութեամբ,  թւականիս դեկտեմբերի 25-ի ժամը 19:00-ին, «Ս. Վարդանանց եւ Մասիս» դպրոցների երկրորդ յարկի սրահում, կազմակերպւել էր հանդիպում մարզիկներ՝  Մայիս  եւ  Մանուկ  Թորոսեանների հետ, ովքեր 2016 թւականի նոյեմբերի 5-ին  մասնակցելով Հայաստանում անցկացւած Բադիբիլդինգի ազգային ֆեդերացիայի   ֆիթնես բիկինի մրցութիւններին ձեռք էին բերել ակնառու յաջողութիւններ: Մանուկ Թորոսեանը կլասիկ ֆիզիկի ոլորտում գրաւել է առաջին եւ մենզ ֆիզիկի մէջ երկրորդ տեղերը: Իսկ Մայիս Թորոսեանը Բադիբիլդինգի ոլորտում գրաւել է  երկրորդ տեղը:                                                                                

Երեկոյին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերապատիւ Տ.  Անանիա ծ. Վրդ. Գուճանեանը, մասնաճիւղի մարզիկ-ուհիները եւ հայ համայնքի  անդամները: Հանդիպման սկզբում մասնաճիւղի վարչութեան նախագահ Գեւիկ Խաչատրեանը ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ իրենց   ներկայութեան եւ յատկապէս Թորոսեանների ընտանիքին՝ հրաւէրն ընդունելու   համար, ապա շնորհաւորեց յաղթանակած մարզիկներին արձանագրած   յաջողութեան առիթով՝ ցանկանալով նորանոր մրցանակներ: Գեւիկ Խաչատրեանը նշեց. «Հանդիպման նպատակն է հայ համայնքում ներկայացնել եւ գնահատել   Շահինշահրի շնորհալի մարզիկների յաջողութիւնը եւ քաջալերել   երիտասարդներին»: Ապա խօսքը փոխանցեց Մարիա Խուդավերդեանին, ով ընթերցելով շնորհալի մարզիկների կենսագրութիւնը, նշեց. «Թորոսեան եղբայրները Շահինշահրում ղեկավարում են «Նամջու» մարմնամարզութեան   սրահը, որը ճանաչւած է արձանագրած յաջողութիւններով եւ վայելում է Իրանի  Սպահան նահանգի մարմնամարզութեան ֆեդերացիայի ուշադրութիւնը եւ  պետական մարմինների սէրն ու յարգանքը: Եղբայրները մասնակցել են տարբեր մրցութիւնների եւ արձանագրել բազմաթիւ նւաճումներ»: Յատկանշական է, որ  Մայիս Թորոսեանը 2015 թւականից ազգային հաւաքականի անդամ է եւ մինչ այժմ  ստացել է 25-ից աւել մեդալներ:

Այնուհետեւ Մայիս եւ Մանուկ Թորոսեանները համառօտ ներկայացրին   Բադիբիլդինգը՝ որպէս բազմաթիւ մարզաձեւերի հիմք եւ նշեցին առաւելութիւնները, առկայ դժւարութիւններն ու խնդիրները, ներկաների հետ  կիսւեցին իրենց տպաւորութիւններով՝ Հայաստանում անցկացւած խաղերի ընթացքի մասին: Թորոսեան եղբայրները սիրով եւ բովանդակալից կերպով պատասխանեցին ներկաներին յուզող բոլոր հարցերին, ինչպէս նաեւ տալով  մասնագիտական խորհուրդներ մարմնամարզութեամբ զբաղւողներին:                              

Շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով նախ խրախուսեց մասնաճիւղի վարչութեանը՝ նմանօրինակ հանդիպում կազմակերպելու համար, ապա շնորհաւորեց ու գնահատեց մարզիկներին իրենց կատարած աշխատանքի եւ  Շահինշահրի հայ համայնքի անունը բարձր պահելու համար եւ նշեց. «Սիրով, կամքի ուժով եւ նպատակասլաց աշխատանքի միջոցով է միայն կարելի հասնել  այսպիսի բարձր արդիւնքների»: Մասնաճիւղի վարչութիւնը յաղթանակած  մարզիկներին յանձնեց գնահատագրեր, փոքրիկ յուշանւէրներ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի անդամակցութեան քարտեր: 

Հանդիպումն անցաւ ջերմ մթնոլորտում: Ներկաների ուշադրութիւնը գրաւել էր սրահում ցուցափեղկերի վրայ նախապէս փակցւած լուսանկարները, որոնցում ներկայացւած էին մարզիկներ՝ Մայիս եւ Մանուկ Թորոսեանների մարզական  առօրեան, ստացած մեդալները եւ մրցանակները: Վերջում լուսանկարւեցին եւ Միութեանս Երէցական միաւորի օգնութեամբ կատարւեց համեստ հիւրասիրութիւն: 

                                 
Ն. Ջ. Հայ Մ. Մ.«Արարատ» միութեան
Շահինշահրի մասնաճիւղի թղթակից Մ. Այիդա