Շաբաթ՝ թւականիս նոյեմբերի 26-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի  Հայ համայնքի վարչութեան հրաւէրով՝ նշեալ վարչութեան գրասենեակ ներկայացան շնորհալի մարզիկներ եւ միաժամանակ եղբայրներ Մասիս եւ Մանուկ Թորոսեանները, ովքեր թւականիս նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշէնքի դահլիճում կազմակերպւած Բադիբիլդինգի ազգային ֆեդերացիայի ֆիթնես բիկինի, մենզ ֆիզիկ, բադիբիլդինգ եւ կլասիկ բադիբիլդինգ ոլորտներում ակնառու նւաճումներ էին արձանագրել:

Սոյն հանդիպմանը ներկայ էին Հայ համայնքի վարչութեան անդամները եւ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:

Մանուկ Թորոսեանը կլասիկ ֆիզիկի մէջ առաջին, մենզ (Men’s) ֆիզիկի մէջ երկրորդ, իսկ Մայիս Թորոսեանը բադիբիլդինգի մէջ երկրորդ տեղն էին գրաւել:

Յատկանշելի է, որ այս երկու յաջողակ եղբայրները երկար տարիներ է, ինչ Շահինշահրում ղեկավարում են  “Նամջու” մարմնամարզութեան սրահը, որտեղ ներգրաւել են մեծ թւով անդամներ: Նրանք իրենց մարզախմբերով թէ՛ շրջանի եւ թէ՛ Սպահանի մրցունակ խմբերից են, որոնք բազմիցս փայլել են մազահարթակներում եւ արձանագրել առաջնութիւններ եւ մարզական արժանիքների շնորհիւ վայելում են Իրանի Սպահան նահանգի մարմնամարզութեան ֆեդերացիայի եւ ընդհանրապէս պետական շրջանակների յարգանքն ու ուշադրութիւնը: 

Երկու եղբայրները մեծ խանդավառութեամբ յայտնեցին իրենց տպաւորութիւնները Հայաստանի Հանրապետութեան Ազգային ֆեդերացիայի եւ պատասխանատուների կողմից ցուցաբերած ջերմ վերաբերմունքի մասին: Նրանք ամփոփ կերպով ներկայացրին ֆեդերացիայի նախաձեռնութեամբ իրենց հետ վարած հարցազրոյցը, որի ընթացքում  առաջարկութիւն էին ստացել Հայաստանի Հանրապետութիւնում հաստատւելու տարբերակը. ընդունելու դէպքում նրանց         կը տրամադրւէր մարզական հնարաւորութիւններ՝ իրենց մասնագիտութեամբ զբաղւելու ուղղութեամբ:

Գերպ. Հայր Սուրբը եւ Հայ Համայնքի Վարչութիւնը համակ ուշադրութեամբ ունկնդրեցին շնորհալի ախոյեանների արտայայտութիւնները, բարձր գնահատեցին նրանց դրսեւորած փայլուն ձեռքբերումները  եւ առաջարկեցին նաեւ իրենց հովանաւորութիւնը հարկ եղած դէպքում:

Տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որից յետոյ Հայ Համայնքի Վարչութեան կողմից  շնորհալի  մարզիկ եղբայրները պարգեւատրւեցին ոսկեդրամով:

Թորոսեան եղբայրների յաղթանակի լուրին արձագանգեցին  նաեւ համայնքի հայոց ազգային “Նարեկ” մանկապարտէզ-նախակրթարանի սաները, ովքեր գեղեցիկ նկարչութիւններ նւիրելով նրանց՝ յայտնեցին իրենց սէրն ու ուրախութիւնը այս կապակցութեամբ: Ախոյեանները ի պատասխան սաների դրսեւորած անկեղծ սիրուն եւ միաժամանակ իրենց շնորհակալութիւնը յայտնելու համար՝ քաղցրաւենիքներով այցելեցին կրթօջախ՝ հանդիպելու դպրոցի անձնակազմին ու սաներին: 

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան