Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ծրագրերի շրջագծում, ուրբաթ՝ փետրւարի 7-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւնում, համատեղ նախաձեռնութեամբ «Ռուբէն» երիտասարդական միութեան եւ «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի, տեղի ունեցաւ Talk show՝ «Հայ երիտասարդը եւ ազգային զարգացում» թեմայով:
Talk show-ի ծրագիրը վարեցին Լեռնիկ Ղազարեանը, Լալագէ Իսաղուլեանը եւ Ռուբէն Խոսրովեանը:
Ծրագրի ընթացքում քննարկւեցին Հայաստանի հանրապետութեանն առնչւող մի շարք խնդիրներ, որոնց շարանում էին՝ պետութեան գոյատեւման հիմնահարցը, երկրի բնակչութեան թւի նւազումը, տնտեսական իրավիճակը եւ տեխնոլոգիայի զարգացումը: Այս բոլոր թեմաները ներկայացւեցին պաստառի վրայ ցուցադրւող պատկերներով եւ օտար երկրների կացութեան հետ համեմատութեան դնելով:
Իւրաքանչիւր թեմային յաջորդում էին սրահում ներկայ երիտասարդների անձնական տեսակէտներն ու մեկնաբանութիւնները եւ առկայ խնդիրների վերացման ուղղութեամբ նրանց առաջարկները, ովքեր հասատեցին, թէ պետութեան գոյատեւման եւ ծրագրերի իրականացման համար՝ անհրաժեշտ է կայուն տնտեսական իրավիճակ, զինուժ եւ հզօր կամք: Իսկ բնակչութեան թւի աճի կապակցութեամբ բոլորը հասան այն եզրակացութեան, որ պէտք է պետական մակարդակով յատուկ աջակցութիւն ցուցաբերւի բազմազաւակ ընտանիքներին եւ հարկ եղածը նախաձեռնւի նման ընտանիքների ստեղծման ուղղութեամբ, չմոռանալով նաեւ արտագաղթի թափը կոտրելու համար երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակում բարեփոխումների կիրառումը:
Առաջարկներ հնչեցին նաեւ երկրի տնտեսական զարգացման ուղղութեամբ, իսկ վերջում քննարկւեց հայապահպանման հիմնահարցը: