2016 թւականի հոկտեմբերի 17 առ 18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ՀՀ Մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանի Ազգային գրադարանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը՝ “Անցեալի պահպանութիւն՝ յանուն ապագայի” խորագրով՝ նւիրւած հայերէն առաջին տպագիր Աստւածաշնչի 350-ամեակին, որին Հայաստանի Ազգային գրադարանի հրաւէրով եւ Թեմիս Թեմական խորհրդի հովանաւորութեամբ մասնակցել էր Ս. Ամենափրկիչ Վանքի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի գրադարանավարի օգնական՝ Լալագէ Թահմազեանը:
Համաժողովի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի “Վաչէ եւ Թամար Մանուկեան” մատենադարանում, ապա աշխատանքը շարունակւեց Հայաստանի Ազգային գրադարանում, որն աւարտւեց պաշտօնական ընթրիքով: Երկօրեայ ժողովից բացի, կազմակերպւել էր նաեւ այցելութիւն “Գրատպութեան” թանգարան:
Համաժողովին ներկայ էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ Մշակոյթի նախարարը, Հայաստանի Ազգային գրադարանի եւ Ս. Էջմիածնի մատենադարանի տնօրէնները, Հայաստանում եւ արտերկրում գործող գրադարանների աշխատակիցները, հայ եկեղեցիներին կից գործող գրադարանների, դպրատների ներկայացուցիչներն ու հոգեւորականները:
Կատարւեց քննարկումներ հայկական ժառանգութեան էլեկտրոնային շտեմարանի վերաբերեալ, հայ հնատիպ գրքի եւ հայ պարբերական մամուլի համահաւաք շտեմարանի ստեղծման ուղղութիւններով:
Թեմիս մասնակցի զեկոյցը կրում էր՝ “Ս. Ամենափրկիչ Վանքի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարան-մատենադարանի էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն ու զարգացման հեռանկարը” խորագիրը, որտեղ խօսւեց գրադարան-մատենադարանի հիմնադրութեան, ինտերնետային կայքէջի ստեղծման, գրքերի գրանցման ու թւայնացման, գրադարանում ստեղծւած հնարաւորութիւնների, տարած աշխատանքների եւ Հայաստանի Ազգային գրադարանի, արտերկրի գրադարանների ու դիմորդների հետ ունեցած համագործակցութեան վերաբերեալ:
Յատկանշական է, որ համաժողովի ընթացքում Հայաստանի հնատիպ գրքերի հաւաքածոյից բացակայ՝ թւով 9 հնատիպ գրքերի թւայնացւած տարբերակը “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի անունից յանձնւեց Հայաստանի Ազգային գրադարանին: Նաեւ սոյն գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի միջոցով պատրաստւած գրադարանի բացատրականը ներկայացնող գրքոյկներ ու էջանիշեր բաժանւեցին մասնակիցներին ու զեկուցաբերներին:
Համաժողովն արձանագրեց նոր ձեռքբերումներ: Արձանագրեց, որ մատենագիտական շտեմարանների ձեւաւորման եւ գրադարանային հաւաքածուների թւայնացման ուղղութեամբ կատարւել են նշանակալի աշխատանքներ: Ձեւաւորւել է “Հայ գիրք” շտեմարանը, Հայաստանի գրադարանների համահաւաք էլեկտրոնային գրացուցակը, հայագիտական հետազօտութիւնների գիտատեղեկատւական հանգոյցը եւ “Հայ մամուլի համահաւաք գրացուցակը”: