Շաբաթ՝ 2016 թ. հոկտեմբերի 22-ի յետկէսօրեայ ժամը 5:00-ին, Շահինշահրի “Սրբոց Վարդանանց” եկեղեցու սրահում, համայնքի հաւատացեալ ժողովուրդը մասնակցել էր կիրակնամուտի արարողութեանը՝ դիմաւորելու եւ պատգամը լսելու Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:

Գերպ. Հայր Սուրբին ուղեկցել էին Թեմիս Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետերը:

Օրւայ ժամերգութեանը ներկայ էին համայնքիս հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, դպրաց դասը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների, միութիւնների ներկայացուցիչները եւ անդամները:

Կիրակնամուտի արարողութիւնից յետոյ, Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը գեղեցկօրէն ներկայացնելով նորանշանակ Հայր Սուրբին՝ խօսքը փոխանցեց նրան, ով իր ողջոյնի խօսքն ուղղելով բոլոր ներկաներին՝ իր խորին գոհունակութիւնը յայտնեց այս հանդիպման կապակցութեամբ: Իր խօսքում գերպ. Հայր Սուրբն արտայայտեց իր վառ տպաւորութիւնը Շահինշահր քաղաքը եւ ապա համայնքի անդամներին առաջին անգամ այցելելու մասին: Նա բարձր գնահատելով թեմիս ազգայինների եւ պատասխանատուների նւիրւած գործունէութիւնը, յոյս յայտնեց, որ այսուհետ եւս, ինչպէս միշտ Թեմն իր բոլոր կառոյցներով եւ ենթամարմիններով քայլելու է դէպի բարգաւաճում ու զարգացում:

Գերպ. Հայր Սուրբն իր դրւատանքի խօսքն ուղղեց բոլոր ներկաներին եւ մասնաւորաբար դպրաց դասին ու “Նարեկ” երգչախմբին, որոնց գեղգեղուն շարականների ներքոյ բարձրանում է հաւատացեալների խունկն ու աղօթքը՝ առ Աստւած:

Հայր Սուրբն իր սրտի խօսքը եզրափակեց՝ աղօթելով ու օրհնելով համայնքի անդամներին յոյս յայտնելով, որ անտարակոյս պէտք է կազմակերպւեն յաճախակի հանդիպումներ համայնքիս վարչական պատասխանատուների եւ անդամների հետ:

Յատկանշելի է օրւայ առիթով պատշաճ հիւրասիրութիւն էր կազմակերպւել Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան նախաձեռնութեամբ եւ “Հայ կանանց եկեղեցասիրաց” միութեան համագործակցութեամբ, որի ընթացքում առիթ ընձեռւեց համայնքի բոլոր անդամներին ողջունել եւ բարի գալուստ մաղթել գերպ. Հայր Սուրբին:

 
Շահինշահրի   Հայ  համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան