Երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ի առաւօտեան, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան, Ս. Ա. Վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցու տօնի առիթով, Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ-ուհիները՝ իրենց ուսուցիչների եւ ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին Նոր Ջուղայի Հայոց ազգ. ծերանոց:
Հիւրընկալների անունից բարի գալստեան խօսք ասաց սոյն հանգստի տունը ղեկավարող հաստատութեան՝ Ն. Ջ. Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը, ապա այցելութեան նպատակների մասին արտայայտւեց Կրօնական խորհրդի ներկայացուցիչ Արմինէ Փանոսեանը: Հանդիպման ամբողջ ընթացքը վարեց ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, ով այցելուների անունից ողջունեց տատիկներին եւ աշակերտների ելոյթներից յետոյ՝ զրոյցի բռնւեց նրանց հետ, որի արդիւնքում ստեղծւեց շատ հաճելի մթնոլորտ: Տատիկներն իրենց բարի մաղթանքները փոխանցեցին աշակերտ-ուհիներին եւ կատարեցին գեղեցիկ երգեր: Հանդիպման աւարտին տատիկները հրաժեշտ տւեցին սաներին՝ նրանցից խոստում ստանալով կրկին այցելութեան համար:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ Կրօնական խորհրդի, Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան եւ Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան ներկայացուցիչները:
Թղթակից՝ Նոր Ջուղա