Մանուկների համաշխարհային տօնը, գեղեցիկ բողբոջների՝ թոթովախօս մանուկների համար յիշարժան դարձնելու նպատակով՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, դպրոցական մի օրը վերածւեց հաճելի անակնկալներով ողողւած միջոցառման, որի աւարտին անհնար էր չնկատել մանուկների դէմքերից չհեռացող ժպիտն ու աչքերի փայլը:
Կիրակի՝ հոկտեմբերի 9-ի առաւօտեան, երբ դեռ սաները մէկը միւսի յետեւից դպրոց էին մուտք գործում, առաջին անակնկալը նրանց մատուցւեց հէնց մուտքի մօտ, քանի որ հսկայական Վինի արջուկ տիկնիկը դպրոցական համազգեստով հագնւած նստած էր այնտեղ եւ իր ժպտուն հայեացքը չէր կտրում զարմացած երեխաների ծաղկադէմ երեսից:
Այնուհետեւ նախքան դասարան մտնելը, ուսուցիչներից բացատրեց Մանուկների համաշխարհային տօնի վերաբերեալ եւ փոքրիկները տեղեկացան Վինի Թուխի անակնկալ այցելութեան պատճառի մասին՝ անհամբերութեամբ սպասելով յաջորդ նորութիւններին:
Օրւայ շարունակութեան մէջ բոլոր սաների մասնակցութեամբ կազմակերպւեց թոկ քաշելու մրցոյթ, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց նրանց մօտ, իսկ որպէս վերջաբան տիկնիկներով բեմականացւեց “Կարմիր գլխարկը” աշխարհահռչակ հեքիաթը: Տիկնիկների բեմադրողներն էին դպրոցի ծնողական խորհրդի անդամները, ովքեր ջանք չէին խնայել գեղեցիկ տիկնիկների պատրաստման եւ հեքիաթին համապատասխան բեմայարդարման ուղղութեամբ: Վերջում մանուկներն ստացան նւէրներ: