Շաբաթ՝ հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցում: Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Պատարագին մասնակցում էին թեմի քահանայից ու դպրաց դասերը եւ Ս. Ա. վանքի “Կոմիտաս” երգչախումբը` շարականների երգեցողութեամբ:
Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները, թեմի հաւատացեալ ժողովուրդը եւ հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը՝ ընկերակցութեամբ պատկան տեսչական եւ ուսուցչական կազմերի ու ծնողական խորհուրդների:
Գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն իր քարոզում աշակերտներին յիշեցնելով, որ Թարգմանչաց տօնը իւրաքանչիւր հայ աշակերտի համար պէտք է լինի գիտակցելու եւ ուխտի վերանորոգման օր, յատկապէս անդրադարձաւ աղօթքի կարեւորութեանը եւ աւելացրեց, որ օրը պէտք է բացել ու փակել աղօթքով եւ մերօրեայ կեանքի զանազան հաճոյքների ու գրաւչութիւնների կողքին պէտք է միշտ յիշել Աստծուն եւ Աստւածաշունչը:
Նա իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով, որ մենք, մեր հայրապետներից որպէս ժառանգութիւն ստացել ենք հետեւեալ պատգամը՝ “Սովորել, սիրել, յարգել ու աղօթել” շեշտեց, թէ՝ “Մեսրոպ Մաշտոցը մեզ աղօթել է սովորեցնում եւ սովորեցնում է, որ ամբողջ նեղութիւնները կարելի է աղօթքով յաղթահարել. աղօթքը հոգու եւ սրտի սնունդն է եւ առանց դրա չենք կարող մեր առօրեան լաւագոյն կերպով ապրել”: Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ Սահակ Պարթեւի ուսուցումների համաձայն պէտք է լինենք մեծ ու խոնարհ եւ դա կարող ենք իրագործել սիրելով ու ներելով, իսկ ամենասկզբում մեր հայրապետների աւանդը պահելու համար պէտք է հնազանդ լինենք մեր ուսուցիչներին:
Քարոզիչն իր պատգամի աւարտին հայ ուսուցչի տօնը շնորհաւորեց բոլոր կրթական մշակներին՝ ի մասնաւորի թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին, ով երկար տարիներ որպէս ուսուցիչ ծառայել է է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքում:
Հոգեպարար արարողութեանը յաջորդեց աշակերտական ծրագիրը, որը իրականացւեց Խաչատուր Վրդ. Կեսարացու անւամբ թանգարանի մուտքի առջեւ՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր վրդ. Կեսարացու կիսանդրիների մօտ: Այս բաժինն սկիզբ առաւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի գրասենեակի պատասխանատու Մադլէն Ղարիբեանի հաղորդավարութեամբ՝ տօների առթիւ շնորհաւորանքի ու օրւայ խորհրդի մասին խօսքերով:
Այնուհետեւ հերթաբար իրենց գեղարւեստական ծրագիրը ներկայացրին Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտները: Ելոյթների մեկնարկը կատարեցին Հայոց ազգ. նախակրթարանի սաները՝ առիթին նւիրւած իրենց գեղեցիկ խօսքերով ու խմբական երգով: Ապա “Արմէն” երկսեռ կրթահամալիրի աշակերտներն արտայայտեցին հայոց լեզւի մասին մեր մեծերի դրւատանքի խօսքերից մի փունջ, այն համեմելով համահունչ ասմունքներով ու երգով: Որպէս աշակերտական կատարումների վերջաբան՝ ելոյթ ունեցան “Քանանեան” աղջկանց եւ “Կատարինեան” տղայոց միջնակարգ դպրոցներից երկուական աշակերտներ: Կատարինեանցիների ներկայացուցչի միջոցով հնչեց մէկ ասմունք, իսկ Քանանեանը ներկայացնող աշակերտուհին ընթերցեց Վարդգէս Պետրոսեանի գրչին պատկանող մի հատւած՝ հայերէն գրականութեան նկատմամբ հայ ժողովրդի աննկարագրելի սիրոյ մասին, ապա միւս երկու աւագ աշակերտները, ընկերակցելով միմեանց, մէկ ասմունքով զարդարեցին բարեբաստիկ տօնը:
Յաջորդիւ արտայայտւեց խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ով գնահատանքի խօսք ուղղելով աշակերտական ելոյթների կապակցութեամբ, շեշտեց. “Մշակոյթը միայն լեզւով չի սահմանափակւում, սակայն այն բիւրեղացւում է լեզւով ու այբուբենով եւ լեզուն մշակոյթի յարատեւման ու յաւերժացման միջոցն է”. Պրն. Աբրահամեանն իր խօսքի շարունակութեան մէջ դրւատանքով արտայայտւեց Նոր Ջուղայի հարուստ մշակոյթի մասին եւ համայնքի անդամներին կոչ արեց՝ սովորութիւն չդարձնել տեղի մշակութային ժառանգութեանը եւ փորձել շարունակ զարմանալ դրանցով: Նա գոյատեւելու ու ապրելու մեծ ցանկութիւնն ու դրա իրագործման ճանապարհը՝ հայ ժողովրդի իրական մշակոյթը համարեց եւ շեշտեց՝ չարտագաղթել ու օրըստօրէ աւելի ծաղկուն դարձնել համայնքը:
Պատգամաւորի խօսքին յաջորդեց ամենաընթերցասէր աշակերտների գնահատման պահը, որտեղ սկզբում ներկայացւեցին եւ Կրթական խորհրդի կողմից պատրաստւած նւէրներով պարգեւատրւեցին դպրոցների գրադարանների ամենաընթերցասէր աշակերտները, ապա Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը նոյնպէս ներկայացրեց այս գրադարանի ընթերցասէր աշակերտ-անդամներին, ովքեր ինչպէս նախորդ խումբը պարգեւատրւեցին Հայր Սուրբի ձեռամբ՝ սոյն գրադարանի կողմից պատրաստւած նւէրներով:
Միջոցառումը եզրափակւեց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքով: Հայր Սուրբն սկզբում իր ուրախութեան խորը զգացումը յայտնեց, առ այն, որ թեմի զաւակները՝ ի մասնաւորի մատաղ սերունդը, լաւապէս տիրապետում են հայերէն լեզւին եւ Առաջնորդարանի թանգարանում ու մատենադարանում պահւում են հայկական գրականութիւնից եզակի նմուշներ, որոնք մեր ժողովրդին պատկանող գանձեր են: Այնուհետեւ նա գնահատելով ծնողներին՝ իրենց զաւակներին հայկական վարժարաններում ուսման տալու կապակցութեամբ, աւելացրեց.”Սփիւռքի մէջ գտնւող հայկական վարժարանը հայ մշակոյթի զօրանոցն է: Ձեր զաւակներն այս զօրանոցում դառնում են Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի եւ յատկապէս հայ մշակոյթի ու լեզւի ոչ թէ աշակերտը, այլ նոր զինւորը”: Հայր Սուրբը շնորհաւորանքներ փոխանցեց հայ մաշկոյթի եւ հայ ուսուցչի տօների կապակցութեամբ:
Վերջում ամենամեայ սովորութեան համաձայն, ծրագրի աւարտին, Ն. Ջ. Հայոց ազգային “Քանանեան” միջնակարգ դպրոցի աշակերտուհիները համախմբւեցին նոյն դպրոցի հիմնադիր բարերար Վարվառէ Քանանեանի շիրիմի շուրջ, որը գտնւում է Ս. Ա. վանքի շրջափակում եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նրա անթառամ յիշատակին: