Կիրակի՝ 2014 թւականի փետրւարի 9-ին, Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի 35-ամեակի առթիւ, Թեմական խորհրդի հրաւէրով ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում հանդիպում տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակ զինւորներ՝ Հենրիկ Տէր Յովհաննիսեանի, Հրաչ Յակոբեանի, Ռայմոնդ Բաղրամեանի, Վարդան Աբրահամեանի եւ Վրէժ Բաղումեանի ընտանիքների հետ: Նրանց ընդունեցին Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերն ու անդամները:
Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը ողջունելով նահատակների ընտանիքների ներկայութիւնը, մեծ հերոսութիւն համարելով նրանց զաւակների սխրանքն ու անձնազոհութիւնը, նշեց. «Հասարակութիւնների համար մեծ նշանակութիւն ունի անհատների պատասխանատւութեան զգացումը եւ ընտանիքը այն միջավայրն է, որտեղ անհատի մէջ զարգանում է այդ կարեւոր ըմբռնումը, ուստի մեր յարգանքն ու երախտագիտութիւնն ենք յայտնում Ձեզ գիտակից սերունդ դաստիարակելու համար, համոզւած լինելով, որ նահատակներին յարգելը եւ մեծարելը նաեւ ազգային արժէք է»:
Գերշ. Սրբազան Հայրն օրհնանքի խօսք փոխանցելով նահատակ զինւորների ընտանիքներին, անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին եւ յայտնեց. «Մեր պատմութեան տարբեր ժամանակահատւածներում ունեցել ենք նահատակներ, մեր եկեղեցին նահատակների արեամբ հիմնւած եկեղեցի է: Մեր նահատակները յանուն վեհ գաղափարների, յանուն Յիսուսի եւ իրենց հաւատի, արժանապատւութեան, հողի եւ ժողովրդի, ընծայաբերել են իրենց կեանքը»: Իսկ վերջում շեշտեց. «Մեր պարտականութիւնն է նշելու, յիշելու եւ մեծարելու մեր նահատակներին, մաղթելով նրանց ընտանիքներին ուժ ու կորով, որպէսզի կարողանանք միասնաբար եւ հաւաքաբար որպէս ազգ եւ հայրենիք, ապրենք եւ շարունակենք մեր յաղթական երթը»:
Այնուհետեւ արտայայտւեց Պատգամաւորական ժողովի դիւանի փոխ-ատենապետ` պրն. Մկրտիչ Աւետումեանը, ով յիշելով հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների քաջագործութիւնը, այն արդիւնքը համարեց ընտանիքների գիտակից եւ պատասխանատու սերունդ դաստիարակելու գործի:
Նահատակների ընտանիքները շնորհակալանքի եւ երախտագիտութեան խօսքեր ուղղեցին Ազգային իշխանութեանը, որոնք մշտապէս ուշադրութիւն են դարձնում իրենց եւ փորձում լաւագոյն կերպով վառ պահել իրենց զաւակների յիշատակը:
Հանդիպման աւարտին, գերշ. Սրբազան Հօր ձեռամբ Նոր Կտակարան եւ աղօթագիրք յանձնւեցին ներկաներին: