Վերջերս լոյս տեսաւ երիտասարդ ճարտարապետ (مهندس معمار) Թենի Մկրտիչ Խաբազեանի «Bricked domes» խորագրով անգլերէն գիրքը, որը թարգմանաբար նշանակում է աղիւսէ գմբեթներ: Գիրքը հրատարակւել է 2016 թւականին, սակայն քանի որ գրառման գործընթացն իրականացւել է 2015-ին, հեղինակն իր աշխատութիւնը նւիրել է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին:
Գրքում ամփոփւած են բազմաթիւ լուսանկարներ եւ պատկերներ Նոր Ջուղայի 13 եկեղեցիներից՝ համապատասխան բացատրութիւններով, որոնցով լուսարձակի տակ են առնւել յատկապէս եկեղեցիների շինարարական յատկանիշերը: Հեղինակը նպատակ ունի այս գրքով հայկական մշակոյթը՝ ի մասնաւորի Նոր Ջուղայի հարուստ մշակոյթն ու ճարտարապետական կոթողները, առաւել ծանօթացնել ընթերցողներին:
Նախաբանից յետոյ, որտեղ ներառւած են Նոր Ջուղայի անցեալը, այս շրջանում հայերի հաստատման պատմութիւնը, ձեռքբերումներն ու եկեղեցիների ճարտարապետական ընդհանուր յատկութիւնները, ներկայացւել են կանգուն 13 եկեղեցիները՝ առանձին գլուխների ներքոյ: Իւրաքանչիւր եկեղեցու կապակցութեամբ ճարտարապետը բացատրել է կառուցման պատմութիւնը, աշխարհագրական դիրքը եւ շինարարական յատկութիւնները՝ պատկան յատակագծերով ու լուսանկարներով. մի շարք լուսանկարներ կան նաեւ եկեղեցիների որմնանկարչութիւնների, խորանների սրբապատկերների ու յարակից այլ բաժինների կապակցութեամբ, որոնցով ընթերցողն անգամ եթէ չայցելի նշւած վայրեր, կարող է լայն պատկերացում կազմել Նոր Ջուղայի սրբավայր-կոթողների մասին:
Ճիշտ է գրքի բովանդակութեան կազմելու գործում հեղինակի համար հիմք է ծառայել անւանի ճարտարապետ Արմէն Հախնազարեանի “Nor Djulfa” գիրքը, որտեղ նոյնպէս անդրադարձ կայ Նոր Ջուղայի եկեղեցիներին, սակայն “Bricked domes”-ն առանձնայատուկ է իր թարմացւած տեղեկութիւններով, առաւել մանրամասն բացարութիւններով եւ լուսանկարների հարուստ շտեմարանով: Այս աշխատութեան համար հեղինակն օգտւել է նաեւ մի շարք այլ աղբիւրներից, որոնց ներկայացրել է գրքի վերջաբանում:
Աշխատանքի իրականացման գործում Թենին վայելել է իր ծնողների, ամուսնու, որը նոյնպէս ճարտարապետ (مهندس عمران) է եւ Զարեհ Թորոսեանի աջակցութիւնն ու հովանաւորութիւնը: Գրքի շապիկը ձեւաւորել է Նարեկ Թորոսեանը, իսկ գրքի լուսանկարների հայաթայթման համար նրան սատարել են Հրայր Բազէ խաչերեանն ու Թովմա Գալստանեանը:
Երիտասարդ ճարտարապետին առաւել ծանօթանալու նպատակով ստորեւ հակիրճ ներկայացնում ենք նրա կենսագրական գծերը:
Թենի Մկրտիչ Խաբազեանը ծնւել է 1979 թւականին Նոր Ջուղայում: Իր տարրական եւ ուղեցոյց կրթութիւնն ստացել է “Արմէն” ու “Քանանեան” հայոց ազգ. դպրոցներում, ապա միջնակարգն աւարտել “Սաֆուռա” դպրոցում, որից յետոյ իրանական 1378 թւականին ընդունւելով Սպահանի Խորասգան Ազատ համալսարանի Ճարտարապետութեան ճիւղում մասնագիտացել է գերլիսանսի մակարդակով: Թենիի հետաքրքրութեան առանցքն է կազմել հայկական ճարտարապետութիւնը, որի պատճառով էլ նա որպէս գերլիսանսի աւարտաճառի թեմա ընտրել է Նոր Ջուղայի հայկական ճարտարապետութիւնն ու պատմութիւնը՝ “انارستان جلفا” խորագրով: Յատկանշական է, որ հայկական կոթողների ու ճարտարապետութեան նկատմամբ նրա անսահման սէրն ու ուշադրութիւնը վերադառնում է այն դաստիարակութեանը, որը նա ստացել է իր արւեստասէր ծնողներից: Նա եօթ տարի է, ինչ որպէս դասախօս դասաւանդում Է Սպահանի Խորասգան Ազատ համալսարանի Ճարտարապետութեան ֆակուլտետի գերդիպլոմի բաժնում: Անդամակցում է Իրանի Ազատ համալսարանների ճարտարապետութեան ճիւղի գերդիպլոմի մակարդակի դասաթեմաների գլուխների վերանայման մասնագիտական եօթհոգանոց յանձնախմբին, միաժամանակ գործունէութիւն ծաւալելով նաեւ Խորասգան համալսարանի կողմից կազմակերպւած գիտահետազօտական եւ վերաւորակաւորման աշխատանոցներում: Թենին որպէս ճարտարապետ, վերահսկիչ ճարտարապետ, ինչու չէ նաեւ յատակագծերի գծագրող՝ իր դերակատարութիւնն է ցուցաբերել շինարարական տարբեր նախագծերում:
Նա ունի մէկ դուստր:
Թղթակից (Նոր Ջուղա)