Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի պատասխանատուները շարունակ իրենց ուշադրութեան կիզակէտում պահելով մատաղ սերնդի ընթերցանութիւնը եւ հայեցի դաստիարակութիւնը՝ ջանք չեն խնայում նրանց հայկական ու համաշխարհային գրականութեան թանկագին գոհարներին ծանօթացնելու գործում, որի վառ ապացոյցը կարելի է համարել գրադարանի ընթերցասրահում մանուկների համար նախատեսւած ընթերցանութեան առանձին բաժինը եւ հայերէն ու պարսկերէն վերջին հրատարակութիւններով համալրւած մանկական գրքերի հարուստ շտեմարանը: Իսկ այս անգամ երեխաների նկատմամբ իւրայատուկ ուշադրութիւնն արտացոլւեց նաեւ “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի ծրագրում՝ Աթաբէկ Խնկոյեանի “Մկների Ժողովը” հեքիաթի տիկնիկային թատրոնի բեմադրութեամբ:
Այս գեղահրաշ ներկայացումն իրականացւեց Կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Մշակութային միաւորի “Կռունկ” ասմունքի խմբի ու թատրոնի ասպարէզում մի շարք արհեստավարժ անհատների համագործակցութեամբ, շաբաթ եւ կիրակի՝ օգոստոսի 6-ին ու 7-ին, յոբելեար գրադարանում, երկուական սեանսերի ներքոյ: Ծրագիրը մեծ ընդառաջում գտաւ թէ կրտսերների եւ թէ մեծահասակների կողմից, ովքեր միմեանցից ոչ պակաս ոգեւորութեամբ ու խանդավառութեամբ էին հետեւում արարի ընթացքին:
Ներկայացումն սկիզբ առաւ պատմիչ Կապուտակի եւ նրա օգնական Պիպոզի միջոցով, ովքեր հանդիսատեսին ընդհանուր բացատրութիւններ տւեցին յատկապէս հեքիաթի, պատկան հեղինակի ու պատմութեան մկների ու կատւի մասին: Ապա բոլորիս ծանօթ ստեղծագործութիւնը բեմականացւեց կատւի եւ տիկնիկ մկների անզուգական կատարմամբ, իսկ տիկնիկախաղին զուգորդւած երգերով առաւել խանդավառ տրամադրութիւն առաջացաւ երեխաների մօտ: Թէեւ ըստ Աթաբէկ Խնկոյեանի հեքիաթն աւարտւում է մկների անյաջողութեամբ, քանի որ իրենց վախկոտութեան եւ ոչ միասնական լինելու պատճառով չեն կարողանում զանգը կախել կատւի վզին, սակայն բեմադրիչների գեղեցիկ մտայղացմամբ ներկայացումը եզրափակւեց մի երգով, որով փոքրիկներին խրատ տրւեց միշտ բարի լինել եւ չմոռանալ, որ “Վերջում բարին է յաղթում”:
Տիկնիկային թատրոնի ռեժիսորութեան բարդ աշխատանքը կատարւել էր Ռիմա Սիմոնեանի ու Կարին Տէր-Մարտիրոսեանի միջոցով, իսկ ծրագրի իրականացման գործում յանձնախումբը վայելել է արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Զարեհ Թորոսեանի, Վանանդ Իսաղուլեանի եւ Անդրիա Խաչատրեանի համագործակցութիւնը:
Տիկնիկների բեմադրողներն էին՝ Նոռա Ոսկանեանը, Սոնիա Դիլանչեանը, Վանա Շիրւանեանը, Մեղրի Ղուկասեանը, Շաղիկ Մատթէոսեանը, Ալինա Ալեքսանդրեանն ու Սօսէ Ասատրեանը: Լալագէ Իսաղուլեանը մարմնաւորեց կատւի կերպարը, իսկ Կարին Տէր-Մարտիրոսեանը եւ Ալինա Տէր-Սուքիասեանը հանդէս եկան որպէս պատմիչն ու իր օգնականը, Կապուտակի եւ Պիպոզի դերում: