Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշ 1 խումբը յուլիսի 6-ին այցելեց Նոր Ջուղա՝ իրենց կողմից կազմակերպւած ճամբարի շրջագծում եւ Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում խումբը հանգրւանեց հայոց ազգային “Քանանեան” դպրոցի նախկին շէնքում: Սոյն ճամբարի ընթացքում, որն աւարտւեց յուլիսի 9-ին, մասնակիցներն զբաղւեցին զանազան այցելութիւններով ու ծրագրւած այլ աշխատանքներով, որոնց շարանում յուլիսի 6-ի առաւօտեան այցելութիւն տրւեց Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոց:
Ծերանոցում նրանց ջերմ դիմաւորեցին տեղի բնակիչներն ու վարիչը եւ ծերանոցը ղեկավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան Վարչութեան ու Ծերանոցի յանձնախմբի ներկայացուցիչները: Սկզբում հիւրերին բարի գալուստ մաղթեց միութեան վարչութեան փոխ-նախագահուհի Ժանետ Խուդաբախշեանը, ով բացատրութեամբ հանդէս եկաւ միութեան հիմնադրման նպատակների եւ գործունէութեան վերաբերեալ:
Ապա Արենուշ 1 խմբի սկաուտները, հաւատարիմ մնալով սկաուտի “Օրը մի բարի գործ կատարելու” սկզբունքին, անուշեղէններ նւիրեցին ծերանոցին եւ իրենց դրամական օժանդակութիւնը փոխանցեցին սոյն հանգստի տան պատասխանատուներին: Նրանք ներկայացրին սկաուտի կեանքի ու գործունէութեան շուրջ մի շարք տեղեկութիւններ, որից յետոյ զրոյցը շարունակւեց առաւել մտերմիկ մթնոլորտի ներքոյ, որտեղ տարեց բանկիչները պատմեցին իրենց կատարած գործունէութեան եւ կեանքի հաճելի դրւագների մասին: Ընթացքում երիտասարդ հիւրերը կատարեցին սկաուտական երգեր ու պարեցին տարեցների հետ:
Հետաքրքիր ու խանդավառ այցելութեան աւարտին Կանանց Գթութեան միութեան կողմից “Հայկական ժողովրդական տարազներ” եւ “1915-ի ինքնապաշտպանական կռիւները” գրքերը նւիրւեցին այցելուներին, որից յետոյ նրանք ծանօթացան ծերանոցի տարբեր բաժիններին:
Թղթակից (Նոր Ջուղա)